Գազի սակագնի բարձրացումը ճգնաժամը խորացնող պատճառ կարող է հանդիսանալ. փորձագետ

Գազի սակագինը հուլիսից բարձրացավ ոչ շարքային սպառողների համար, այլ սակագնի բարձրացման վեկտորներն ուղղվեցին դեպի տնտեսություն։

«Փաստինֆո»-ի հետ զրույցում «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանն ասաց՝ առաջին հայացքից թվում է՝ իբրև թե շարքային քաղաքացիների վրա այս ազդեցությունը բացասական չի լինի, բայց դա այդպես չէ։ Փորձագետի կարծիքով առաջին ակնհայտ հետևանքը լինելու է ապրանքների գների թանկացումը.«Ըստ էության կարող ենք ասել, որ սա վերաբերում է տնտեսության բոլոր ոլորտներին և՛ էներգետիկայի ոլորտին, որովհետև գիտենք՝ Հայաստանի էլեկտրաէներգիայի արտադրության 40-45 տոկոսն ապահովում են հիդրոկայանները, որոնք գազով աշխատող են, և՛ գյուղատնտեսական ապրանքների վրա, որովհետև այստեղ տնտեսական պարզագույն օրենք է գործում. եթե ապրանքի ինքնարժեքի ձևավորման բաղադրիչներից մեկը թանկանում է, դա չի կարող իր ազդեցությունը չունենալ վերջնական ինքնարժեքի վրա։ Գազի ծախսն ապրանքի արտադրության վրա այդ բաղադրիչների մեկն է, հետևաբար այդ ծախսի ավելացումը բնականաբար ազդելու է ապրանքի ինքնարժեքի վրա։ Սա ամենաառաջին հետևանքն է, որ զգալու ենք բոլորս, նաև շարքային սպառողներս։ Չնայած որ սակագնի ուղղակի թանկացում չենք զգալու, բայց առնվազն գների թանկացման տեսանկյունից բոլորս գազի սակագնի թանկացման հետևանքները զգալու ենք»,-ասաց Լիլիա Ամիրխանյանը։

Վերջինս նկատեց՝ այդ հետևանքներն արդեն նկատելի են, քանի որ գործ ունենք տնտեսական յուրահատկությունների և գործընթացների հետ, որոնք ուղղակիորեն կապված են այսպես կոչված տնտեսության սպասումների հետ. «Օրինակ` ջերմոցներն ունեն իր ծախսերի պլանավորումը, մոտավորապես գիտի՝ որ սեզոնին ինչ ծախս է կատարելու, ինչքան գումար է անհրաժեշտ լինելու, ինչպես պլանավորի այսօրվա իր վաճառքը, ինչ գներով, ինչ քանակությամբ և այլն։ Այսինքն` նա իր գործունեության ամբողջ պլանն ունի կազմած։ Երբ այս ընթացքում ունենում է գազի սակագնի ավելացում, բեռի ավելացում, բնականաբար իր ողջ պլանավորման գործընթացում այդ բաղադրիչը համամասնորեն բարձրացնելու է։ Այսինքն` ցանկացած նախագծում հաշվի է առնելու, որ գազի սակագնի բաղադրիչն իր համար բարձր է լինելու։ Չնայած այն հանգամանքին, որ ջերմոցատերը գազն ավելի շատ սպառելու է ձմռանը, այսինքն` ավելի ուղղակի ազդեցություն ձմռանն է զգալու, բայց այսօր պետք է իր նախագծերում ներառի նաև այդ բաղադրիչը։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ջերմոցատերը չգիտի՝ այս առաջին ձմռան ընթացքում գազի սակագինը բարձր կլինի, իր ապրանքի ինքնարժեքը բարձր կլինի և սպառման ինչ պատկեր կունենա, չի բացառվում, որ այսօր ցանկություն ունենա իր ապրանքների գները որոշակի բարձրացնելու, որպեսզի ինչ-որ չափով կոմպենսացվի ձմռան սպասումները»,-ասաց փորձագետը՝ նշելով, որ սա վերաբերում է ցանկացած ոլորտի, որն ուղղակի կամ անուղղակի առնչություն ունի գազի սպառման հետ, իսկ մեր տնտեսության կախվածությունը գազից բավական բարձր է։ Ցանկացած ոլորտում այդ սպասման գնահատականը տրվում է, որն իր հետևանքն է ունենալու ապրանքի ինքնարժեքի վրա։

«Հայտարարվեց, որ գազի սակագինը քաղաքացիների համար չի բարձրանալու, այս մասով ամեն ինչ ճիշտ է, քաղաքացիների համար չբարձրացավ, սակայն սա դեռ ժամանակի խնդիր է։ Միևնույն ժամանակ հայտարարվեց, որ չնայած այն հանգամանքին, որ գազի սակագինը բարձրանում է տնտեսության որոշակի ճյուղերի համար, դա այդքան զգալի չի լինելու։ Այստեղ հստակ մանիպուլյացիայի հետ գործ ունենք, որովհետև իրականում բարձրացումը լինելու է զգալի։ Երբ ծախսի բաղադրիչի թանկացումը մոտ 5-5.5 տոկոս է, չի կարող դա ոչ այնքան զգալի ազդեցություն ունենալ վերջնական արդյունքի վրա։ Այս ամենի հետևանքները կարելի է ոլորտ առ ոլորտ տարանջատել։ Մեր էլեկտրաէներգիայի մեծ մասն արտադրվում է գազով աշխատանքի արդյունքում և չի բացառվում՝ որոշ ժամանակ անց օրակարգում ունենանք նաև էլեկտրաէներգիայի թանկացման հարցը։ Մենք չենք կարող բացառել, որ կունենանք տրանսպորտի սակագների հետ կապված հարց օրակարգում, որովհետև տրանսպորտն աշխատում է գազով, բնականաբար այդ բաղադրիչի ավելացումը։ Տաքսու վարորդների հետ կապված խնդիր կունենանք, որովհետև մարդիկ, ովքեր իրենց եկամուտները վաստակում են բացառապես տաքսի վարելով, սակագնի բարձրացման ուղղակի ազդեցությունը և հետևանքը զգալու են, որովհետև գազալցակայաններում արդեն սեղմված գազի սակագինը բարձրացել է։ Այս ամեն ինչը շղթայական և լայնամասշտաբ հետևանք է ունենում տնտեսության գրեթե բոլոր շերտերի վրա։ Անմիջական սպառումից դեպի ավելի խոր տնտեսական պրոցեսներ»,-նշեց Լիլիա Ամիրխանյանը։

Վերջինս նկատեց՝ երբ «Գազպրոմ Արմենիա»-ն գազի սակագինը բարձրացնելու վերաբերյալ հայց ներկայացրեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, նրա հայցը մասամբ բավարարվեց և փորձագետի կարծիքով չունենք որևէ երաշխիք, որ օրինակ հաջորդ տարի «Գազպրոմ»-ի համար կրկին օրակարգային չի լինի սակագինը նորից բարձրացնելու հարցը. «Դեռևս վաղ է ասել, որ սա վերջնական որոշում է և քաղաքացիների համար սակագինը չի բարձրանա։ Արդեն երևում է, որ տնտեսության համար սակագնի բարձրացումը շատ ավելի վատ ու բացասական հետևանքներ կարող է ունենալ, քան եթե օրինակ բարձրանար շարքային քաղաքացիների համար։ Այն, որ այսօր կանգնած ենք հարցի առաջ, թե որ դեպքում ավելի քիչ կտուժենք, դա մեր կառավարության սխալ գործելաոճի հետևանք է»,-ընդգծեց փորձագետը։

Նա գտնում է, որ այլ հավասար պայմաններում, եթե չունենայինք այս ճգնաժամային իրավիճակը, գազի սակագնի բարձրացումն այլ հետևանքներ կունենար, սակայն եղած բացասական ֆոնի, ճգնաժամային իրավիճակի անորոշության պայմաններում սա ճգնաժամը խորացնող պատճառ կարող է հանդիսանալ։

Լիլիա Ամիրխանյանի խոսքով այս իրավիճակը մեղմելու տարբերակը կարող են լինել որոշակի սուբսիդիաներ, պետության կողմից փոխհատուցման մեխանիզմները, որոնց մասին, սակայն, առնվազն այս պահին խոսք չի գնում։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.