Երկիրը պրոբլեմների մեջ է, ժողովուրդը գումար չունի, խեղդված է. Լիբանանահայ

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութն ավերակների վերածած պայթյունը ցնցեց ողջ աշխարհը։ Երբեմնի գեղեցիկ քաղաքը մի քանի րոպեների ընթացքում փոշով պատվեց։ 

Մեր հայրենակից, հայտնի դիզայներ Սարգիս Մինասյանը բնակվում է Բեյրութի Բուրջ Համուդ թաղամասում։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում Սարգիսն ասաց, որ պայթյունի ժամանակ տանն է եղել։ Բուրջ Համուդում պայթյունը զորեղ եղավ, վնասվեցին շատ շենքեր, խանութներ, տների ապակիները կոտրվեցին. «Նման զորավոր պայթյուն չէի տեսել։ Փառք Աստծո մեր տանը շատ վնաս չի եղել։ Հյուրասենյակի, ննջարանի ապակիները կոտրվեցին։ Հյուրասենյակի երկու ապակիները կոտրվեցին, բայց մյուսների վնասների համեմատ՝ մերը շատ փոքր է։

Ուրիշներն այնքան մեծ վնասներ ունեն, տները, ընկերությունները, ցավալի վիճակ է»,-ասաց լիբանանահայը։

Վերջինս պատմում է՝ մարդիկ արդեն սկսել են քաղաքի մաքրությամբ զբաղվել։ Ժողովուրդն ավլում է, քաղաքապետարանի հետ մաքրություն անում. «Վնասները շատ-շատ են։ Անշուշտ մեկ-երկու օրում ամեն ինչ չի լինի։ Ճանապարհներին փոշի, ապակիներ են։ Բոլորն էլ ջանում են մաքրել»,-նշեց Սարգիս Մինասյանը։

Նա ասաց, որ կան հայերը, որոնց տները ևս ավերվել է, սակայն որևէ թիվ չկարողացավ ասել։ Լիբանանահայը նկատեց՝ ժողովուրդը նախքան պայթյունն էլ արդեն խեղդված էր, քանի որ նախ ցույցեր էին, հետո կորոնավիրուսով ստեղծված իրավիճակը. «Երկիրը պրոբլեմի մեջ է, շատ ծախսի մեջ է։ Դոլարը ժամանակին 1500 էր, այսօր 8500 է։ Հիմա օրինակ ապակին փոխելու համար միլիոններ են ուզելու։ Ժողովուրդը գումար չունի, հիմա խեղդված է։ Հուսամ՝ շուտ կվերջանա այս ամենը և ժողովուրդը հանգիստ կապրի»,-ասաց Սարգիս Մինասյանը։

Անդրադառնալով պայթյունի հետևանքով հացահատիկի պաշարի վերացմանը՝ լիբանանահայն ասաց, որ դրանց պահեստները ևս այլրվել են, բայց հաց դեռ կա։ Չգիտի՝ երկրում հացի խնդիր կառաջանա, թե ոչ, բայց շուկայում այս պահին հաց կա։

Ինչ վերաբերում է այն հայերին, որոնք պայթյունից հետո Հայաստան վերադառնալու ցանկություն են հայտնել, լիբանանահայն ասաց, որ նախքան պայթյունն էլ շատ լիբանանահայեր արդեն վերադարձել են Հայաստան. «Երիտասարդության համար այստեղ դժվար է, բան չի մնացել, անգործություն, գործ չկա։ Երկիրը խեղդված է։ Առաջ աշխատում էինք, կարողանում էինք ճամփորդել, իսկ հիմա չենք կարողանում։ Կան հայեր, որոնք ուզում են գալ, բայց հնարավոր է տոմսի գումար չունեն։ Ցավալի վիճակ է»,-եզրափակեց լիբանանահայը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.