Ծաղկաձորի սեփականություն հանդիսացող հողամասի օտարման արդյունքում՝ համայնքին պատճառվել է էական վնաս. հարուցվել է քրգործ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ քննչական եւ դատավարական գործողությունների արդյունքում հայտնաբերվել են պաշտոնատար անձանց կողմից առերեւույթ կատարված հանցագործություն դեպքեր: Այս մասին հայտնում են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։

Մասնավորապես, պարզվել է, որ 2014թ-ի ընթացքում իրականացված՝ Ծաղկաձորի քաղաքապետարանի կողմից Ծաղկաձորում գտնվող հողամասն աճուրդի եղանակով օտարելու գործընթացի արդյունքում աճուրդային հանձնաժողովի անդամ պաշտոնատար անձինք, իրենց պաշտոնական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, անձնական այլ դրդումներից ելնելով, աճուրդի անցկացման համար մասնակիցների ներկայության պատրանք ստեղծելու եւ աճուրդով հողամասը իրենց ցանկալի անձին օտարելու անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ գրառումներ կատարելու, կեղծ փաստաթղթեր կազմելու եղանակով անցկացվող աճուրդի օրինականության պայմաններն ապահովելու նպատակով արձանագրել են, որ իբրեւ Ծաղկաձոր համայնքում գտնվող հողամասի աճուրդին մասնակցել են 2 անձինք, նրանց կողմից կատարվել է հողամասի գնման սակարկություն եւ իբրեւ հողամասը ձեռք է բերել ամենաբարձր գին առաջարկած գնորդը: Արդյունքում առանց օրինական հիմքերի, օրենքի պահանջների կոպիտ խախտմամբ՝ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի օտարման արդյունքում, համայնքի օրինական շահերին պատճառվել է էական վնաս: 

Վերոգրյալի հիման վրա 2020թ.-ի հուլիսի 28-ին ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ քննչական ենթակայության հարցը լուծելու համար:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.