Հա­մա­ճա­րա­կը չենք հաղ­թա­հա­րել և զգու­շու­թյու­նը թու­լաց­նել չենք կա­րող. Բաբկեն Պիպոյան. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Արտակարգ դրության հայտարարումից ի վեր տնտեսվարողների շրջանում պարբերաբար կատարվում են ստուգումներ: Վերջին շրջանում խոսվում է այն մասին, որ խախտումները նվազում են, իսկ կրկնակի ստուգումների ժամանակ պարզ է դառնում, որ դրանք քիչ-քիչ իսպառ վերանում են: «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը նշում է՝ բնականաբար, երկարաժամկետ կտրվածքով ինչ-որ բաներ սովորելու էինք: «Սովորելուց զատ, ինչպես շատ անգամ բարձրաձայնել ենք, մեխանիզմները բավականին ուշ էին ներդրվում:

Կայացվող որոշումները ոչ թե պարզապես պետք է լինեն որոշումներ, այլ պետք է լինեն կիրառելի և կիրարկելի: Օրինակ՝ հիշում ենք, թե բանկերի մոտ ինչ պատկեր էր: Վարչապետն անձամբ իր էջով որոշեց այս խնդրով զբաղվել: Հրապարակվում էին մարդկային կուտակումների լուսանկարներ, հետագայում խոսվեց գծանշումների կարևորության մասին: Կատարվեցին գծանշումներ, և, ըստ էության, այս ոլորտում ունեցանք բավականին մեծ առաջընթաց:

 

 

 

Ասում էինք՝ եթե ի սկզբանե բանկը բացվեր միայն այն դեպքում, երբ գծանշումներն արած լինեին, ոչ թե սկսեր աշխատել, խախտումներն անել, աղմուկ բարձրանար, հետո մեխանիզմները սկսեին գործել, ապա շատ ավելի արագ այդ խնդիրը կլուծվեր:

Շատ դեպքերում բախվեցինք խնդրին, հետո մտածեցինք դրա լուծման մասին:

Պետք է նշել, որ զգուշավորության ֆոնը մի պահ հասավ գագաթնակետին, բայց երկարաժամկետ կտրվածքով սկսեցին բնական ռեակցիաներ աշխատել, այն է՝ հիմա արդեն այդ զգուշավորությունը նահանջում է, ինչը լավ չէ:

Պետք է հասկանանք, որ դեռ լիովին չենք հաղթահարել համաճարակը և զգուշությունը թուլացնել չենք կարող: Ունենք նվազման միտումներ, թե՛ կանխարգելիչ միջոցառումները, թե՛ վերահսկողության արդյունքում առկա բարեփոխումները, թե՛ եղանակային պայմաններն «իրենցն ասել են»:

Այս բոլորը գործոններ են: Նվազման միտում ունենք, բայց պետք է հասկանանք՝ չի բացառվում, որ աշնանը՝ հոկտեմբերից հետո կունենանք երկրորդ ալիքը, որին պետք է պատրաստ լինենք և՛ մեխանիզմների, և՛ վերահսկողական գործիքների մշակման առումով: Պետք է առնվազն կարողանանք դասեր քաղել առկա փորձից»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Պիպոյանը:

Վերջին շրջանում հրապարակումներ եղան, որ որոշ պետական պաշտոնյաներ մասնակցում են խնջույքների, չեն կրում դիմակներ, մինչդեռ քաղաքացուն կարող են տուգանել դիմակը ոչ ճիշտ կրելու դեպքում, անձնագիր պահանջել այն ժամանակ, երբ առաջին հայացքից ամեն ինչ կարգին է: Շատերի մոտ տպավորություն է ստեղծվում, թե գործում են երկակի ստանդարտներ: Մեր զրուցակիցն այս հարցը հետևյալ կերպ է մեկնաբանում. «Սկսեմ տուգանքներից:

Դրանց՝ որպես գործիքի կիրառման անհրաժեշտությունը կար: Երկար վիճելու հարց է՝ տուգանքը պետք է լիներ տասը հազար դրամ, թե՞ սահմանվեր ավելի բարձր:

Գուցե պետք է լիներ տասը հազար դրամից էականորեն բարձր, որպեսզի, այսպես ասած, կանխարգելեր անփութությամբ դիմակը սխալ կրելու կամ չկրելու հետևանքով տուգանքի հնարավոր կիրառումը»։

Մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում։
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.