Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տուգանել է Զարուհի Բաթոյանին

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (Հանձնաժողով) որոշել է  Զարուհի Բաթոյանի նկատմամբ կիրառել վարչական տույժ՝ նշանակելով տուգանք 200 000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամի չափով՝ հայտարարատուի կողմից հայտարարագրում անզգուշությամբ սխալ կամ ոչ ամբողջական տվյալ ներկայացնելու համար:

Հանձնաժողովից հայտնում են, որ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, ով 2018 թվականին նույն նախարարությունում նախարարի առաջին տեղակալ էր 2019թ. հունիսի 21-ին ներկայացրած գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց 2018 թվականի տարեկան հայտարարագրում «Հայտարարատու պաշտոնատար անձի եկամուտները հարկային տարում» բաժնում   չի  հայտարարագրել իր եկամուտները:

Ի պատասխան Հանձնաժողովի՝ բացատրություններ ներկայացնելու խնդրանքին՝ Զարուհի Բաթոյանը տեղեկացրել է, որ իր կողմից հայտարարագիրը՝ դրա լրացման նկատմամբ ներկայացվող պահանջների խախտմամբ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացնելը՝ պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ ի տարբերություն մյուս դաշտերի՝ եկամուտների վերաբերյալ դաշտը նշված չի եղել որպես պարտադիր լրացման ենթակա  և համակարգը թույլ է տվել չլրացնել դրանք։

Այդ հիմքով Զարուհի Բաթոյանը  խնդրել է իր եկամուտները չհայտարարագրելը դիտարկել որպես զուտ  տեխնիկական բացթողում և թույլատրել 2018 թվականի  տարեկան հայտարարագրում կատարել ուղղում՝ «Հայտարարատու պաշտոնատար անձի եկամուտները հարկային տարում» բաժնում նշել  7 515 233 ՀՀ դրամ։

Այնուամենայնիվ, Հանձնաժողովը վերահաստատել է, որ  հայտարարագրման ենթակա տվյալները հայտարարագրելիս բոլոր դաշտերը, առանց որևէ բացառության,  պարտադիր են ենթակա են լրացման:

Տուգանքը վճարելուց հետո Զարուհի Բաթոյանին տրամադրվելու է  7 աշխատանքային օր՝ գույքի, եկամուտների և փոխկապակցված անձնաց 2018 թվականի տարեկան հայտարարագրի «Հայտարարատու պաշտոնատար անձի եկամուտները հարկային տարում» բաժնում  համապատասխան ուղղում կատարելու համար:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.