Covid-19-ի դեմ «Մոդերնա»-ի պատվաստանյութը հուլիսի 27-ից կփորձարկվի 30 հազար մարդու վրա

 

Կորոնավիրուսի թեկնածու mRNA-1273 պատվաստանյութը, որ մշակում է գործարար Նուբար Աֆեյանի «Մոդերնա» ընկերությունը, փորձարկումների առաջին փուլում կարողացել է հակամարմիններ ձեւավորել բոլոր 45 կամավորների մոտ: Այս մասին հաղորդում է New England Journal of Medicine բժշկագիտական ամսագիրը։

Նշվում է, որ այս պատվաստանյութը հակամարմիններ է ձեւավորել առաջին դեղաչափից, իսկ մոտ մեկ ամիս անց տրված երկրորդ պատվաստումից հետո հակամարմինների ցուցիչներն աճել են:

Որպես պատվաստանյութի կողմնակի ազդեցություններ՝ մասնակիցների կեսից ավելին նշել է հոգնածության, մրսելու, գլխացավի եւ ներարկման տեղում ցավի մասին: Այդ զգացողություններն առավել շատ են եղել երկրորդ պատվաստումից հետո. մասնակիցներից երեքը, որ ստացել էին առավելագույն դեղաչափ, հայտնել են երկու եւ ավելի ախտանիշների մասին:

Նշենք, որ 18-55 տարեկան 45 առողջ կամավորները բաժանված են եղել երեք խմբի, նրանցից 15-ը ստացել է 25 մկգ, 15-ը՝ 100 մկգ կամ մեկ դեղաչափ, 15-ը՝ 250 մկգ:

Associated Press-ի տվյալներով՝  հուլիսի 27-ից սկսվելու է փորձարկումների երկրորդ փուլը, որին ներգրավված է լինելու 30 հազար մարդ։

«Ինչ տեսանկյունից էլ նայեք, սա լավ նորություն է»,- AP-ի թղթակցի հետ զրույցում ասել է ամերիկացի հայտնի վարակաբան դոկտոր Էնթոնի Ֆաուչին:

Առավել մեծ խմբի վրա պատվաստանյութի հետազոտությունը կտա տվյալներ պատվաստանյութի՝ կորոնավիրուսից իրապես պաշտպանելու ունակության մասին: Երաշխիք չկա, բայց ակնկալում են, որ արդյունքները կլինեն այս տարվա ավարտին: Կորոնավիրուսի դեմ այս պատվաստանյութը նախատեսված է մեկ ամիս միջակայքով երկու դեղաչափով ստանալու համար:

Հիշեցնենք, որ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշել էր, որ անձամբ բանակցում է Moderna-ի հետ պատվաստանյութի ձեռքբերման համար, որից հետո բազմաթիվ քննադատություններ էին հնչել առ այն, որ որեւէ պատվաստանյութի արդյունավետություն դեռ ապացուցված չէ, ավելին՝ դեռ տվյալներ չկան թեկնածու պատվաստանյութերից որեւէ մեկի՝ անվտանգ լինելու մասին, և հարկ չկա շտապել՝ գնելով ու Հայաստան բերելով կասկածելի որակի պատվաստանյութեր: Պատվաստանյութերի հետ կապված այս խնդիրը հայտնի է աշխարհի բոլոր կառավարություններին, սակայն կորոնավիրուսային համավարակն առավել շուտ զսպելու համար բազմաթիվ կառավարություններ ձգտում են բանակցություններ վարել պատվաստանյութ մշակողների հետ, արդեն իսկ ունենալ պայմանագրեր՝ նույնիսկ կատարելով կանխավճարներ:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.