Նրանք ուղղակի գոռալով քաշելով ինձ տարան. Կայքի խմբագիրը՝ իրեն բերման ենթարկելու մասին

Արտաշատի ոստիկանության բաժանմունքից քիչ առաջ դուրս եկավ Analitik.am կայքի գլխավոր խմբագիր Անի Հովհաննիսյանը և հայտնեց, որ ոստիկանության բաժանմունքում կազմել են արձանագրություն, որտեղ գրված է, որ բերման են ենթարկել իր անձի ինքնությունը պարզելու համար։

«Ես ուղիղ եթերում էի և հայտնեցի, որ խմբագիր եմ, լուսաբանում եմ, սակայն հաշվի չառան որևէ բան և կոշտ ձևով բերման ենթարկեցին։ Մեքենայի մեջ փորձեցի ճշտել, թե ինչո՞ւ են ինձ բերման ենթարկում։ Ասացի՝ պետք է բացատրեն ի՞նչ եմ ես խախտել, սակայն լուռ էին, չէին ասում որտեղ են տանում, խլեցին ձեռքիցս հեռախոսս և ստիպեցին, որ անջատեմ, սակայն ես ասացի որ մասնագիտական գործ եմ իրականացնում։ Անգամ սովորական քաղաքացուն պարտավոր են տեղյակ պահել, թե ինչու են բերման ենթարկում»,- պատմել է Ա.Հովհաննիսյանը՝նշելով, պարզելով իր գլխավոր խմբագիր լինելը կազմել են արձանագրություն, թե ճշտել են իր ինքնությունը։
Անի Հովհաննիսյանը պնդել է, որ չկար արտակարգ դրության որևէ խախտում, մարդիկ ուղղակի եկել էին ավտոերթի։

«Ես դիմում եմ բոլոր ԶԼՄ-ներին, դեսպանատներին և միջազգային կառույցներին, որոնք այդքան խոսում են մարդու իրավունքների մասին՝ այլևս Հայաստանում այս վիճակը անընդունելի է։ Չի կարելի մարդուն բերման ենթարկել նման կոշտ ձևով.... 5 ոստիկան՝ քաշելով, հեռախոսը խլելով, առանց ասելու ուր են տանում։ Երբ հարց ես տալիս՝ խեղճացած հայացքով նայում են քեզ։ Ոստիկան են դե՝ իրենց աշխատանքն է»։

Հովհաննիսյանը պնդում է, որ քաղաքական ղեկավարությունը պետք է հասկանա, որ նման ձևով այլևս անհնար է։ Հերթական ձևով երկարացվել է արտակարգ դրությունը՝ զուտ նրա համար, որ մարդիկ չկարողանան արտահայտեն իրենց բողոքը և նման ձևով ճնշում գործադրեն։ Երբ ԶԼՄ-ի ղեկավարին պահում են երկու ժամ ու ասում, որ բերել ենք, որ ճշտենք ինքնությունը՝ անընդունելի է։ Ես ոտիկաններին ասացի մեքենայիս մեջ է անձնագիրը՝ մի քանի քայլ այն կողմ։ Նրանք ուղղակի գոռալով քաշելով ինձ տարան»։
Անի Հովհաննիսյանի տպավորությունն այնպիսինն էր, որ ոստիկաններին ուղղակի հրահանգ էին տվել անխտիր բոլորին բերման ենթարկելու՝ առանց հարցնելու, նայելու՝ կոշտ մեթոդներով։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.