Արցախում հաստատվել է կորոնավիրուսի մեկ նոր դեպք. վարակակիր քաղաքացին ժամանել է ՀՀ-ից

Արցախի Հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսի մեկ նոր դեպք:

Այս մասին տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբի ֆեյսբուքյան էջը` հղում անելով երկրի Առողջապահության նախարարության տվյալներին:

 

«Մարտունի քաղաքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության մեկ նոր դեպք: Վարակակիր քաղաքացին ժամանել է ՀՀ-ից. սահմանային անցակետում նրանից նմուշառում է իրականացվել և ՊՇՌ հետազոտության արդյունքում բացահայտվել է կորոնավիրուսով վարակվածությունը»,- նշված է հայտարարությունում:

Գրանցվել է առողջացման մեկ նոր դեպք: Առայսօր COVID-19-ը ախտորոշվել է 148 մարդու մոտ, որից 120-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 28 վարակակիր, մեկուսացված է 86 քաղաքացի: COVID-19 –ի ախտորոշմամբ 2 հիվանդի առողջական վիճակը ծանր է, մեկինը՝ միջին ծանրության: Թեստավորումների նպատակով 191 նմուշառում է իրականացվել:

Մինչ այսօր իրականացվել է 2 898 փորձանմուշի հետազոտություն: Երկրում մահվան դեպքեր չեն արձանագրվել։

Արցախի Հանրապետությունում 2020 թվականի ապրիլի 12-ին հայտարարված և մինչև հուլիսի 11-ը երկարաձգված արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է 32 օրով` 2020 թվականի հուլիսի 11-ից, ժամը 22:00-ից մինչև 2020 թվականի օգոստոսի 12-ը, ժամը 22:00-ը ներառյալ։
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.