Որքան եկամուտ ունեն ԿԳՄՍ, ՏԿԵ և ԱԻ նախարարները

«Փաստինֆո»-ն շարունակում է ներկայացնել բարձրաստիճան պաշտոնատար անձանց հայտարարագրած ֆինանսական միջոցների, անշարժ գույքի մասին տվյալները։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը 2018թ.-ին հայտարարագրել է բազմաբնակարան բնակելի շենքում մեկ բնակարան։ Նախարարի պաշտոնը ստանձնելու օրվա՝ 2018թ.-ի մայիսի 11-ի դրությամբ` Արայիկ Հարությունյանի դրամական միջոցները կազմել են 480 հազար դրամ, իսկ տարվա վերջին՝ 1 մլն 431 633 դրամ։ Փոխարենը կտրուկ աճել է նրա եկամուտը:

Այսպես` Արայիկ Հարությունյանի եկամուտը 2018թ.-ի հունվարի 1-ից մինչև նախարարի պաշտոնը ստանձնելու օրը եղել է 1մլն 841 հազար դրամ, որից 688 688-ը՝ աշխատանքի վարձատրությունն է, իսկ 1 մլն 153 հազարը՝ ստացված փոխառությունները։ Նախարարի պաշտոնը ստանձնելուց հետո նրա եկամուտն աճել է մոտ 15 մլն դրամով։ 2018թ.-ի ընթացիկ տարում նրա եկամուտը կազմել է 7 716 582 դրամ, որից 6 մլն 048 հազար դրամն աշխատանքի վարձատրությունը կամ դրան հավասարեցված վճարումներն են, իսկ 1 մլն 668 հազար դրամը ստացված փոխառություններն են։ Նախորդ տարի՝ 2019թ.-ին,  ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի եկամուտը կազմել է 17 018 564 դրամ, որից 16 876 392 դրամը ԿԳՄՍ նախարարության աշխատավարձն է, իսկ 142 172 հազար դրամը՝ ԵՊՀ-ից ստացված աշխատավարձը կամ դրան հավասարեցված վճարումները։ 

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի եկամուտն այս մեկ տարվա ընթացքում ևս աճել է։ Նրա դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա՝ 2018թ.-ի հոկտեմբերի 4-ի դրությամբ եղել են 13 մլն դրամ, իսկ եկամուտը կազմել է 9 մլն 242 հազար դրամ, որից 6 մլն 156 հազար դրամն աշխատանքի վարձատրությունը կամ դրան հավասարեցված վճարումներն են, իսկ 3 մլն 085 հազար դրամը կենսաթոշակը։ Ֆելիքս Ցոլակյանի դրամական միջոցները 2019թ.-ին ավելացել են 7 մլն դրամով՝ դառնալով 20 մլն դրամ։ ԱԻ նախարարի եկամուտը 2019թ.-ին կազմել է 19 539 541 դրամ, որից 16մլն453 հազար դրամն աշխատանքի վարձատրության կամ դրան հավասարեցված այլ վճարումներն են, իսկ 3 մլն 085 հազար դրամն ԱԱԾ-ից ստացվող կենսաթոշակը։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ հայտարարագրել է մեկ հողամաս և Nissan Teana 2.3 մակնիշի ավտոմեքենա։ Սուրեն Պապիկյանի դրամական միջոցները 2018թ.-ի մայիսի 11-ի դրությամբ կազմել են 1մլն 300 հազար դրամ և 1400 դոլար, իսկ եկամուտը ՏԿԵ նախարարի պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ եղել է 1 801 139 դրամ, որն ամբողջությամբ աշխատանքի վարձատրության կամ դրան հավասարեցված վճարումն է։ Սուրեն Պապիկյանի հանձնած փոխառությունն էլ կազմել է 12 493 175 դրամ։ Սուրեն Պապիկյանը 2019թ.-ի տարվա սկզբում հայտարարագրել է Լոռու մարզում գտնվող երեք հողամաս։ Տարեվերջին ՏԿԵ նախարարը ձեռք է բերել նաև բնակարան՝ բազմաբնակարան բնակելի շենքում։ Նախարարը նույն տարում վաճառել է իր Nissan Teana 2.3 մակնիշի ավտոմեքենան։ Սուրեն Պապիկյանի բանկային հաշվում տարեսկզբին եղել է 5 388 430 դրամ, իսկ տարեվերջին՝ 13 111 733 դրամ։ Նախարարի դրամական միջոցները կազմել են 2 մլն 300 հազար դրամ և 2000 դոլար։ Սուրեն Պապիկյանի եկամուտը 2019թ.-ին կազմել է 42 221 146 դրամ, որից 17 964 783-ը՝ ՏԿԵ նախարարությունից ստացված աշխատավարձն է, 40 903 դրամը՝ Երևանի պետական համալսարանի հիմնադրամից ստացված աշխատավարձը, 2մլն 500 հազար դրամը՝ գույքն օտարելուց ստացված գումարն է, 1 131 850 դրամը՝ այլ եկամուտներն են, 18 733 610 դրամն «Արդշինբանկ» ՓԲԸ-ից ստացված փոխառությունները, 1 մլն 850 հազար դրամը՝ «ՎՏԲ-Հայաստան» բանկից ստացված փոխառությունները։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.