«Ես գիտակցում եմ, որ ռիսկային խմբում չեմ գտնվում, բայց եթե վարակվեմ…»

Ապագա բժիշկը ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմում է կամավորության դերի կարևորության և համավարակի դեմ պայքարի իր բանաձևի մասին:

 

«Կամավորական աշխատանքներին սկսել եմ մասնակցել մարտ ամսից։ Աշխարհում համաճարակի բռնկման առաջին օրից սկսած, երբ Հայաստանում դեռևս վարակի դեպքեր չէին արձանագրվել, Երևանի պետական բժշկական համալսարանը սկսել էր կամավորների հավաքագրումը՝ Հայաստանում վիրուսի հնարավոր տարածման դեպքում վայրկյան առաջ բժիշկներին օգնության հասնելու համար։

 

Այս մասին իմանալով՝ առանց երկմտելու միացա թիմին, և կարճ ժամանակ անց սկսեցինք աշխատանքները»,- պատմում է կամավոր-ուսանողը։

Էլինան ընդգծում է, որ բժիշկների առջև դրված է բավականին բարդ և պատասխանատու առաջադրանք՝ փրկել աշխարհն անտեսանելի չարիքից։

«Բժիշկներից է կախված ողջ աշխարհի ճակատագիրը, և ես՝ որպես ապագա բժիշկ, չէի կարող անմասն մնալ և գոնե չնչին պատասխանատվության բաժին չվերցնել ինձ վրա»,- ասում է նա։

Ընտանիքում աղջկա որոշմանը դրական արձագանք չեն տվել. «Կար վախ և անհանգստություն։ Սակայն դրա հետ մեկտեղ ծնողներս հասկանում էին, որ ապագա բժիշկ եմ և ինչ-որ չափով իմ պարտքն է այս ծանր իրավիճակում բժիշկների կողքին լինելը»,- պատմում է ապագա բժիշկը։

Նրա խոսքերով՝ համավարակի դեմ պայքարում ամենաբարդը հասարակության որոշ շերտերի անպատասխանատվության դեմ պայքարելն է, ովքեր անլուրջ վերաբերմունքով վտանգում են բազմաթիվ մարդկանց կյանքեր և ավելորդ անգամ բարդացնում բժիշկների առջև դրված արդեն իսկ բարդ խնդիրը, և հենց նրանց պատճառով դեռ երկար ժամանակ ստիպված կլինենք մոռանալ բնականոն կյանքին վերադառնալու մասին։

Մարդիկ կարծես թե համակերպվել են տիրող իրավիճակին, և նկատելի խուճապ չկա այնքան, քանի դեռ չկան վիրուսին բնորոշ նախանշաններ։

Կամավորն ասում է, որ կշարունակի օգնել իր ավագ գործընկերներին, որպեսզի ավելի շատ կյանքեր փրկվեն. «Ես կօգնեմ բժիշկներին նույն պատասխանատվությամբ ու էներգիայով, ինչպես որ սկսել եմ առաջին իսկ օրից։

Կմնամ և կօգնեմ այնքան ժամանակ, ինչքան օգնությունս պետք լինի։ Ցանկանում եմ, որ բոլորն՝ անկախ տարիքից, կատարած աշխատանքից և զբաղեցրած պաշտոնից, ենթարկվեն սահմանափակումների, պահպանեն հակահամաճարակային կանոնները, որոշակի պատասխանատվություն վերցնեն իրենց վրա և օգնեն բժիշկներին՝ հաղթահարելու ստեղծված իրավիճակը:

Անհամբերությամբ ու անսահման կարոտով սպասում եմ այս վատ երազի ավարտին։ Կարոտել եմ ամեն բան։ Կարոտել եմ այն կյանքը, որով ապրում էի մինչ համավարակի բռնկումը»,- պատմում է Էլինա Բուդուրյանը։

Նրա խոսքերով՝ չնայած որոշ դժվարություններին և հոգնածությանը, կարողանում է մոտիվացիայի միջոցով հաղթահարել ամեն բան։

«Ինձ համար միշտ մոտիվացիա են եղել ծնողներս։ Այս իրավիճակում նրանք վախենում և անհանգստանում են ինձ համար, բայց միաժամանակ գիտեմ, որ նրանք հպարտ են կատարածս յուրաքանչյուր աշխատանքի համար, և լավագույն վարձատրությունը ծնողներիս աչքերում երջանկություն և հպարտություն տեսնելն է։

Ես գիտակցում եմ, որ ռիսկային խմբում չեմ գտնվում, բայց եթե վարակվեմ, կվարակվի նաև ընտանիքս, ինչն էլ ինձ և՛ զգուշացնում է, և՛ վախեցնում»,- եզրափակեց ԵՊԲՀ ուսանողը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.