«Մեր գերբը փոփոխությունների կարիք ունի». Վիգեն Ավետիս

«Ես շատ լավ ծանոթ եմ մեր զինանշանի հետ կապված պատմություններին, որոնք երկուսն են՝ Առաջին և Երրորդ Հանրապետությունների հիմնադրման ժամանակ։ Երկու դեպքերում էլ՝ և՛ 1920-ական, և՛ 1991 թվականին մեր պետական գերբերն ընտրվել են հապճեպ որոշումների հիման վրա, «Փաստինֆո»-ի հետ զրույցի ընթացքում ասում է քանդակագործ Վիգեն Ավետիսն, անդրադառնալով պետական գերբի վրա փոփոխություններ կատարելու խոսակցությունների թեմային,- հիշենք, որ թամանյանական գերբը ստեղծվել է դաշնակցական զինանշանի հիման վրա, որ իմ կարծիքով շատ անընդունելի մշակումների է ենթարկվել՝ առյուծի բաշի կամ արծվի փետուրների դետալներում, օրինակ։ Իմ կարծիքով մեր գերբը բարձրաճաշակ չի, անկատարության զգացողություն է թողնում։

Դրա գեղագիտական ազդեցությունը կատարյալ չէ, որ կարող էր լինել պետական զինանշանի պարագայում։ Այս իմաստով ինձ համար շատ ավելի ընդունել էր Մարտիրոս Սարյանի կողմից հեղինակած գերբը, որ, սակայն Սովետական Հայաստանի համար էր արվել, սակայն գունային լուծումներով և ճաշակով շատ ավելի գերադասել էի։

Թամանյանական գերբի վերաբերյալ իմ տեսակետն, իհարկե սուբյեկտիվ է և միայն այդքանով գոյության իրավունք ունի, որովհետև դա իմ կարծիքն է, իսկ ես իրավունք ունեմ ունենալու իմ կարծիքը, սակայն պարզվում է, երբ ես այս մասին բարձրաձայնեցի, ինչ – որ ճարտարապետներին բողոքի ալիք բարձրացրին, միայն նրա համար, որ ես քննադատում եմ թամանյանական զինանշանը։ Ես, իհարկե, կցանկանամ, որ մենք շարունակենք կրել այդ գերբը և այստեղ ուզում եմ ասել, որ զինանշանի հեղինակի՝ Թամանյանի դեմ, իհարկե, ոչինչ չունեմ։ Նույն կերպ ինձ դուր չի գալիս նաև 1991-ին զինանշանի վրա թույլ տված հապճեպ փոփոխությունները, որի հեղինակն այս անգամ, եթե չեմ սխալվում, գեղանկարիչ, գրաֆիկ Սեյրան Խաթլամաջյանն է։ Այնպես, որ հարցն այստեղ գերբի հեղինակի մեջ չէ, այլ զինանշանում առկա որոշ գեղագիտական լուծումների և, այո, ես շարունկում եմ մնալ այն համոզման, որ մեր գերբը փոփոխությունների կարիք ունի»։

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության զինանշանի մասին օրենքն ընդունվել է Հայաստանի Գերագույն Խորհրդի կողմից 1992 թվականի ապրիլի 19-ին։ Վերականգնվել է Հայաստանի առաջին հանրապետության (1918-1920 թվականներ) զինանշանը, որի հեղինակներն են ճարտարապետ, Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս Ալեքսանդր Թամանյանը և նկարիչ Հակոբ Կոջոյանը։

2005 թվականի նոյեմբերի 27-ի ՀՀ Սահմանադրության բարեփոխումներից հետո, 2006 թվականի հունիսի 15-ին ընդունվել է «ՀՀ զինանշանի մասին» նոր օրենքը։

Հայաստանի պետական զինանշանի կենտրոնական մասում՝ վահանի վրա, պատկերված են հայկական չորս թագավորական տոհմերի՝ Արտաշեսյանների, Աարշակունիների, Բագրատունիների և Ռուբինյանների (Կիլիկյան թագավորություն) զինանշանները։ Դրանք բոլորում են բիբլիական Արարատ լեռան պատկերը, որի գագաթին ուրվագծվում է Նոյյան տապանը։ Վահանի երկու կողմից պատկերված են առյուծ և արծիվ, որոնք խորհրդանշում են ոգու, իշխանության, աննկունության և արիության ուժը։ Ներքևում պատկերված սուրը խորհրդանշում է հայ ժողովրդի պայքարը հանուն ազատության և անկախության, փետուրն ու հասկերը՝ հայ ժողովրդի ստեղծարար տաղանդը և խաղաղասիրությունը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.