ԱՄՆ դեսպանի այցը Տավուշի մարզի Այրում համայնք

Այսօր Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Մ. Թրեյսին աջակցեց հանձնել սարքավորումներ և կահույք` Տավուշի մարզի բնակիչներից մեկին՝ Հայաստանում սոցիալական աշխատանքի ոլորտի ուժեղացմանն ուղղված ծրագրի շրջանակում։  Այս մասին հայտնում են ԱՄՆ դեսպանատնից։

«Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» եռամյա ծրագիրը ֆինանսավորում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը։ Այն իրականացնում են Վորլդ Վիժն Հայաստանը և Մանկական զարգացման հիմնադրամը։

Կահույքը և սարքավորումները, որոնք ներառում են համակարգիչ, տպիչ, գրասեղան, աթոռ և պահարան, տրամադրվել են Այրում համայնքի սոցիալական աշխատող Թագուհի Մաճկալյանին։ Այս պարագաների օգնությամբ Թագուհին ոչ միայն կունենա ավելի բարենպաստ և արդյունավետ աշխատանքային  պայմաններ, այլև կկարողանա ավելի լավ ապահովել քաղաքացիների անձնական տվյալների անվտանգությունը:

Հունիսից նմանատիպ աջակցություն է ստացել ևս 30 համայնք՝ Հայաստանի հինգ մարզում:

«Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագիրը նպատակ ունի համայնքներում արդյունավետ սոցիալական աշխատանքի ներդրման և առավել խոցելի երեխաների ու ընտանիքների կյանքի բարելավման միջոցով աջակցել Հայաստանում սոցիալական պաշտպանության համակարգի ուժեղացմանը:

Տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցելով՝ ծրագիրն օժանդակություն է ցուցաբերել 86 համայնքում աշխատող 91 սոցիալական աշխատողի, ովքեր իրենց հերթին տրամադրել են խորհրդատվություն և աջակցություն 6,581 առավել խոցելի ընտանիքների ավելի քան 29,000 անդամների, ինչպես նաև մշակել և իրականացրել են անհատական զարգացման ծրագրեր՝ 1,151 ընտանիքների համար։ Համայնքի սոցիալական աշխատողները նաև ակտիվ ներգրավված են մանկական խնամքի հաստատությունից տուն վերադարձած երեխաների և նրանց ընտանիքների վերամիավորման գործընթացում:

2018թ․-ին մշակվել է համայնքի սոցիալական աշխատողի հեռավար ուսուցման 11-ամսյա հատուկ դասընթաց՝ Երևանի պետական համալսարանի հետ համագործակցությամբ: 2019թ․-ին այս դասընթացն ավարտել և հատուկ հավաստագիր է ստացել 19 համայնքային սոցիալական աշխատող: 2020թ․-ին ևս 16 սոցիալական աշխատող ներառվել է նշված դասընթացում:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.