Ռուսական պատվաստանյութը հետաքրքրել է ԱՀԿ-ին

 

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ավագ գիտաշխատողը հույս է հայտնել, որ ռուս գիտնականները կհամաձայնեն համագործակցել։

 

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ավագ գիտաշխատող Սումիա Սվամինատանը ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել է, որ կազմակերպությունը հետաքրքրված է կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութով։

Ռուսաստանի առողջապահության նախարարությունը COVID-19-ի բուժման երկու դեղամիջոց է հավանության արժանացրել՝ «Ավիֆավիրը» ու «Արեպլիվիրը»։

 

«Մենք գիտենք, որ ավիֆավիրի փորձարկումներ են անցկացվում։ Դեղամիջոցները երկու կամ երեք թեստ են անցնում, այնպես որ սպասում ենք արդյունքների», — ասել է Սվամինատանը։

 

Նա հիշեցրել է, որ ԱՀԿ-ն «Համերաշխության թեստեր» ծրագիր ունի, որն ուղղված է կորոնավիրուսի դեմ դեղերի ու պատվաստանյութերի մասին տեղեկատվության փոխանակմանը։ ԱՀԿ ավագ գիտաշխատողը հույս է հայտնել, որ ռուսաստանցի գիտնականները կհամաձայնեն համագործակցել։

Նշենք, որ այժմ Ն․Ֆ․ Գամալեայի անվան միկրոկենսաբանության և համաճարակաբանության ազգային հետազոտական կենտրոնի ստեղծած պատվաստանյութը փորձարկումների փուլում է։ Թեստավորումն իրականացվում է պաշտպանության նախարարության հետ համագործակցությամբ։

Բացի այդ, թեստավորումներ են անցկացվում Սեչենովի անվան համալսարանում։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19-ի բռնկումը հայտարարել է համավարակ։ Կազմակերպությունը բոլոր երկրներին կոչ է արել միանալ վարակի դեմ ակտիվ պայքարին։

Worldometer կայքի տվյալների համաձայն՝ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն արդեն հատել է 11,5 մլն-ի սահմանը: Ավելի քան 537 հազար մարդ համավարակի զոհ է դարձել։

armeniasputnik.am

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.