Հավաքներից վախը, հավաքներն արգելելը այս իշխանության , Նիկոլիզմի թիվ մեկ իդեա-ֆիքսն է. Մարգարիտ Եսայան

Արտակարգ դրության եւս մեկ երկարաձգման մասին արդեն խոսվում է, չեմ կասկածում, կերկարաձգեն․․․Եվ պատճառը եւս ակնհայտ է՝ մարդկանց ազատ տեղաշարժվելու, հավաքներ, հանրահավաքներ անցկացնելու իրավունքը սահմանափակելը այլեւս այս իշխանության մտասեւեռումն է, մարդիկ պիտի չհավաքվեն, մարդիկ պիտի հավաքներ չանեն եւ հանրահավաքներ չանեն․․ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը:

«Այսօր Հայաստանի Հանրապետությունում չկա ժողովրդավարություն, չկա մարդու իրավունք,չկա հավաքներ անցկացնելու իրավունք, չկա Սահմանադրություն։ Հավաքներից վախը, հավաքներն արգելելը այս իշխանության , Նիկոլիզմի թիվ մեկ իդեա-ֆիքսն է․․․Վախը մարդկանցից, վախը հավաքված մարդկանցից, վախը՝ հանրահավաքներից նիկոլիզմի համար դարձել է դիագնոզ․․․Հակառակ դեպքում ինչպես բացատրենք մեր երկրում Քովիդի այս հաղթարշավի պայմաններում ստեղծված ողբերգականորեն ծիծաղելի <սահմանափակումները>։

Քովիդի դեմ պայքարի միջոց նշվում է, նույն Նիկոլի կողմից՝ դիմակի կրում, սոցիալական հեռավորություն եւ ձեռքերի հաճախակի ախտահանում․․Բայց, սա նույնպես չի օգնում, մեր երկիրը առաջատար է եւ վարակվածների եւ մահերի ցուցակներում, առաջին տասնյակում ենք, եւ իզուր է լինելու արտակարգ դրության ժամկետների երկարաձգումները, առողջապահական իմաստով՝ իզուր,որովհետեւ կյանքը եւ փողոցներում եւ այգիներում եւ ամենուր հոսում է։ Իսկ քաղաքական իմաստով , այո, արտակարգի հերթական երկարաձգումը, ըստ Նիկոլի, արդարացված է, նիկոլիզմն իրեն այդպես ավելի ապահով է զգում․․

Բայց՝ մինչեւ երբ, եւս քա՞նի ամիս, եւս քա՞նի օր, որքա՞ն կարող ես մարդկանց <զսպել> եւ պահել ոստիկանական մահակների սպառնալիքի տակ, որքա՞ն․․ Մինչեւ հերթական ընտրություննե՞ր․․․

Չի փրկելու,, օրեցօր ահագնանում է մարդկանց դժգոհությունը, այն այլեւս նախկինի պես խուլ դժգոհություն չէ, մարդիկ այլեւս բարձր ձայնով եւ հուժկու են բողոքում․․
Պետությունը Քովիդի հետ մարդկանց թողել է մեն-միայնակ․․․

Աշխատատեղերը փակվում են իրար հետեւից, 40 տոկոսից ավելի գործազրկություն, աշխատատեղերի նոր կրճատումների հետեւանքով․․․Մարդիկ գումար չունեն ամենակենցաղային, ամենասովորական կարիքների համար, մասնավոր սեկտորը ճռռում է վարկերի տալ, անաշխատ այս օրերի մեջ փոքր եւ միջի բիզնեսը խելագարվում է։ Նաեւ խոշոր բիզնեսը սարսափելի կորուստներ ունի, գործարարները երբեք մեր երկրում այսքան մոլորված եւ անօգնական չեն եղել, պետական ապարատը նրանց ոչ միայն չի աջակցում, այլեւ՝ վարկային եւ հարկային արձակուրդների մասին իսպառ մոռացել է, հարկահավաքները իրենց հարկերն են <քերում> գործարարներից, մեծ ու միջին բիզնեսից, իսկ բնակչության առավել աղքատ խավը հայտնվել է չքավորության մեջ․․․

Եվ այս ամբողջ պատկերը այլեւս ֆանտաստիկայի ժանրից չէ, այս ամբողջն այլեւս ռեալ իրականություն է․․

Եվ մարդկանց զայրույթը ավելի ու ավելի է սրվում, երբ,փոխանակ ելքեր ու լուծումներ լսեն երկրի վարչապետից, պետական այրերից, առավոտից-իրիկուն փչացած սկավառակի պես մեկ բան է հնչում՝ դիմակ-դիմակ-դիմակ․․․

Այո, չեմ կասկածում, այս կառավարությունը արտակարգը եւս մեկ անգամ կերկարաձգի, բայց դա եւս չի փրկելու նիկոլիզմին, քանի որ մարդիկ այլեւս անկարող են զսպել իրենց զայրույթը, բողոքը եւ ընդվզումը․․․Եվ դա կլինի շատ վտանգավոր, անկանխատեսելի, սա թավշիստների վերջը կլինի, որովհետեւ ՀՀ քաղաքացին երբեք չի եղել այսքան անտեսված եւ այսքան անպաշտպան ու, ցավալին այն է, որ իր իսկ ձեռքով իշխանության բերված ուժն է ՀՀ քաղաքացուն այսպես անտեսում եւ արհամարհում, ուստի՝ պատիժը լինելու է համարժեք․․

Որքան էլ արտակարգը ձգես, արտակարգ հեռացումիցդ չես խուսափելու, իշխանությանդ վախճանը եւս լինելու է արտակարգ․․․

Հ․Գ․ Չեմ ուզում հրապարակել բոլոր այն նամակները, որ այս օրերին ես ստանում եմ ՖԲ-ով, մարդիկ իրենց դժգոհությունն են հայտնում, օրվա հացի գումար են խնդրում, դեղերի գումար․․․Եվ այդ նամակները անանուն չեն, կոնկրետ մարդիկ են, դաժան եւ հուսահատ կյանքով ապրող, եւ նրանք այլեւս մեծամասնություն են դառնում․․

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.