Հանրային բաց տարածքում դիմակ չդնելը` 20 հազար, աշխատավայրում` 50 հազար դրամ տուգանք. նոր նախագիծ

«Իմ քայլը» խմբակցությունն առաջարկում է կրկնապատկել դիմակ չկրելու համար տուգանքի չափը` 10 հազար դրամից դարձնելով 20 հազար դրամ:

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նման նախագիծ է դրել շրջանառության մեջ, որը մշակվել է ոստիկանության և արդարադատության նախարարության հետ համատեղ:

Առաջարկվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում ամրագրել, որ արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում հանրային բաց տարածքներում դիմակ կրելու պահանջները խախտելն առաջացնի տուգանք` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:

Իսկ բնակելի տարածք չհանդիսացող փակ տարածքներում, ինչպես նաև տրանսպորտային միջոցներում և աշխատավայրում դիմակ կրելու պահանջները խախտելը, ըստ նախագծի, առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով` 50 հազար դրամ:

Նույն արարքը կրկին կատարելիս կրկնակի տուգանք կսահմանվի` համապատասխանաբար 40 և 100 հազար դրամ:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ նոր կորոնավիրուսային (COVID-19) հիվանդությամբ պայմանավորված՝ արտակարգ դրության ընթացքում ամենից հաճախ խախտվում է հակահամաճարակային կանխարգելիչ նշանակություն ունեցող անհատական պաշտպանության միջոցների` դիմակների կրումը հանրային բաց տարածքներում, ինչպես նաև բնակելի տարածքներից դուրս փակ տարածքներում, տրանսպորտային միջոցներում, աշխատավայրում: Ուստի անհրաժեշտ է հատուկ նորմով սահմանել կոնկրետ պահանջների խախտումը և դրա համար իրավական հետևանքը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.