Ծովակում կբարելավվի խմելու ջրի մատակարարումը

Գեղարքունիքի մարզի Ծովակ համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում հիմնանորոգվում է խմելու ջրատարի արտաքին ցանցը 5 կիլոմետր երկարությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին  Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնից,  ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 61 միլիոն 193 հազար դրամ, որի 70 տոկոսը կամ 42 միլիոն 835 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը կամ 18 միլիոն 357 հազար դրամը՝ Ծովակի համայնքապետարանը:

Ծովակ համայնքի ղեկավար Գարիկ Հակոբյանի տեղեկացմամբ՝ շինարարական աշխատանքների մրցույթի արդյունքները հուլիսի 6-ի դրությամբ արդեն ամփոփված են, իսկ շինարարությունը կմեկնարկի հուլիսի կեսերին: «Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 46 միլիոն դրամ, որի 70 տոկոսը կհատկացնի ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Ծովակի համայնքապետարանը: Համայնքի համար անչափ կարեւոր խնդիր է լուծվում, քանի որ Լճավանից սնվող խմելու ջրատարի արտաքին ցանցը, որը կառուցվել է 1956 թվականին, ազբեստյա խողովակներով, բարվոք վիճակում չէ: Ցանցում առկա կորուստներից բացի խնդիր է նաեւ խմելու ջրի մաքրությունը: Շինարարությունը նախատեսվում է ավարտել 4 ամսվա ընթացքում, սակայն շինարարները խոստանում են աշխատանքներն ավելի վաղ ավարտել: Ծրագրի ավարտից հետո համայնքը կունենա շուրջօրյա եւ անվտանգ ջրամատակարարում: Բացի այդ, համայնքից շուրջ 30 հոգու համար կապահովվի ժամանակավոր աշխատատեղ: Նոր ջրատարը հիմնականում կկառուցվի մետաղապլաստե, առանձին հատվածներում՝ երկաթյա խողովակներով»,- նշեց համայնքի ղեկավարը:

 Խոսրով Խլղաթյան

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.