Կորոնավիրուսի տարածման հետևանքով ցորենի ներմուծման հնարավոր դժվարությունների պայմաններում Հայաստանում կարող է պարենային խնդիր առաջանալ: Պնդումն այս անգամ ոչ թե ընդդիմադիրներինն է, այլ հենց ՀՀ կառավարությանը:
Աշխարհում կորոնավիրուսի հետևանքով ստեղծված պայմաններում Հայաստանում պարենային անվտանգության, մասնավորապես՝ ցորենի ապահովման անհրաժեշտությունից դրված` ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը «աշնանացան ցորենի արտադրության խթանման պետական աջակցության ծրագիր» է մշակել:
Նախագիծն այսօր հրապարակվել է իրավական ակտերի հրապարակման պաշտոնական հարթակում:
«Կորոնավիրուսի տարածման հետևանքով ցորենի ներմուծման հնարավոր դժվարությունների պայմաններում խնդիր է առաջանում տեղական արտադրության ծավալների ավելացման միջոցով բարձրացնել ինքնաբավության մակարդակը և նպաստել պարենային անվտանգության ապահովմանը»,- ասված է ծրագրի հիմնավորման մեջ:
Ծրագրով առաջարկվում է Շիրակի, Սյունիքի, Գեղարքունիքի, Լոռու, Արագածոտնի, Տավուշի և Կոտայքի մարզերում 2-20 հա մակերեսով ցորենի ցանքատարածություններ մշակող գյուղացիական տնտեսություններին աշնանացան ցորենի «էլիտա» տեսակի սերմերի գնի մասնակի սուբսիդավորում՝ 1 կգ-ի համար 70 դրամի չափով:
Նախագծի ընդունումն, Էկոնոմիկայի նախարարության համոզմամբ, կնպաստի ՀՀ-ում ցորենի բերքատվության շուրջ 30 %-ով ավելացմանը:
«Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Ավետիսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ անցյալ տարի արդեն Հայաստանը ցորենի արտադրության ամենավատ ցուցանիշներն է ունեցել:
«Բայց եթե 2019-ին դա չի նկատվել, որովհետև մենք անարգել ներմուծում ենք ունեցել ու շուրջ 400 000 տոննա ներմուծել ենք, ապա այս տարի հայտնի պատճառներով ներմուծման դժվարություններ կլինեն: Բացի այդ, միջազգային շուկայում ևս հացահատիկի պահանջարկը մեծացել է, իսկ առաջարկը՝ կրճատվել: Այս առումով` մենք անհանգստանալու տեղ ունենք»,- ասաց նա: