ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց շինարարական թույլտվությունների կասեցման մասին օրենքի նախագիծը

Խորհրդարանն այսօր հրավիրված արտահերթ նիստի ընթացքում առաջին ընթերցմամբ քննարկեց եւ միաձայն ընդունեց ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը։

ՀՀ արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը նախագիծը ներկայացնելիս տեղեկացրեց, որ Հայաստանում վարչական ակտերի վիճարկման հայցերի արդյունքում կասեցված են շուրջ 60 շինարարական թույլտվություններ:

«Վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածը այժմ նախատեսում է կառուցակարգ, որ վիճարկման հայցերի դեպքում վարչական ակտի կատարումը կասեցվում է, եւ նախատեսված են որոշակի բացառություններ կատարման կասեցման մասով: Ներկա իրավիճակում շինարարությունների թույլտվության հետ կապված առաջացել է այնպիսի իրավիճակ, որ վարչական կարգով կամ դատական կարգով բողոքարկման պայմաններում կասեցվում է շինարարությունների ընթացքը: Շուրջ 60 շինարարական թույլտվություններ են կասեցվել, որտեղ մոտավորապես 450 մլն դոլարին համարժեք դրամի ներդրում է կասեցված այժմ: Երևանի տվյալներով՝ 125 հազար քառակուսի մետր ընդհանուր մակերեսով կառուցապատման աշխատանքներ չեն իրականացվում»,- ասաց փոխնախարարը:

Փոխնախարարն ասաց նաեւ, որ շատ երկրներում ընդունված է նմանատիպ պրակտիկա, երբ ավտոմատ չի կասեցվում շինարարարությունը, կան նաեւ երկրներ, որտեղ շինարակական թույլտվությունների մասով ընդհանրապես որոշակի փուլից սկսած՝ վիճարկումը հնարավոր չէ։

«Եթե օրենքի նախագիծն ընդունվի, ապա կասեցված վարչական ակտերի կատարումը պետք է վերսկսվի, եւ կողմերը իրավունք կունենան դատարանին ներկայացնել կասեցնելու մասին միջնորդություն, եթե օրենքով սահմանված հիմքերը առկա են»,- եզրափակեց Գրիգորյանը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.