Հիվանդանոցային պլանային բժշկական օգնությունն ու սպասարկումը վերսկսվել է

 

Կորոնավիրուսային համավարակի տարածման տեմպը զսպելու ձգտումով, ինչպես աշխարհի գրեթե բոլոր երկրները, այնպես էլ՝ Հայաստանը, մի պահ դադարեցրեց այն բոլոր ոլորտների կամ ենթաոլորտների գործունեությունը, որ հնարավոր էր մի պահ դադարեցնել: Սակայն եթե «այդ պահը» երկարաձգելը որոշ ոլորտների համար ճակատագրական հետեւանքներով հղի չէ, ապա առողջապահական շատ խնդիրներ երկար սպասել չեն կարող: Դեռ շաբաթներ առաջ առաջատար բժիշկները ողջ աշխարհում ահազանգեցին. կշեռքի երկու նժարներին արդեն ոչ թե առողջապահությունն ու տնտեսությունն են, այլ՝ առողջապահությունը՝ կորոնավիրուսային, ու առողջապահությունը՝ մյուս բոլոր հիվանդությունների:

«Հայկական ժամանակ»-ի՝ ինչպես է նախատեսվում անվտանգ վերագործարկել առողջապահական համակարգը, որ այն վերսկսի պլանային վիրահատությունները, խորհրդատվությունը, ախտորոշումները, դեղաչափերի վերանայումը եւ մյուս գործառույթները՝ հարցին պատասխանելով՝ Առողջապահության նախարարությունից նշել են, որ պլանային հիվանդանոցային բժշկական օգնությունն ու սպասարկումն արդեն իսկ վերսկսված է. «Այն բժշկական կազմակերպությունները, որոնց ներհիվանդանոցային սանիտարահամաճարակային վիճակը  համապատասխանում է Առողջապահության նախարարի 2020թ. ապրիլի 27-ի «Հայաստանի Հանրապետության բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպություններում կորոնավիրուսային (COVID-19) հիվանդության ներհիվանդանոցային տարածման կանխարգելման նպատակով վարակի հսկողության կարողությունների (մեծ հոսքերի ժամանակ) համաճարակաբանական դիտարկում իրականացնելու մասին» թիվ 1350–Ա հրամանի դրույթներին, վերսկսել են պլանային հիվանդանոցային բժշկական օգնությունն ու սպասարկումը»:

Նշվում է նաեւ, որ բժշկական կազմակերպություններին նախարարությունը հորդորել է սահմանված կարգով պահպանել բուժանձնակազմի, հիվանդների, այցելուների անհատական պաշտպանիչ միջոցների կիրառումը, բժշկական կազմակերպությունում հակահամաճարակային միջոցառումների անընդհատական իրականացումը` COVID-19 վարակի տարածման ռիսկերը նվազեցնելու համար:

Բոլոր կանխատեսումներով՝ առաջիկայում բժիշկների աշխատանքի պահանջարկը մեծանալու է, մեր երկրում այժմ էլ դրա կարիքը զգացվում է, ինչն ակնհայտ է նախարարության՝ պարբերաբար բժիշկներ եւ բուժքույրեր հրավիրելու մասին հայտարարություններից: Վերանայվելո՞ւ է Բժշկական համալսարանին տրվող պետպատվերը. այս հարցի պատասխանն է՝ գուցե՝ այո, գուցե՝ ոչ: Բառացի մեջբերենք. «Առողջապահության նախարարությունը պարբերաբար քննարկում եւ ուսումնասիրում է Երեւանի եւ մարզային բժշկական կազմակերպություններում առողջապահության կադրային պահանջարկը: Կադրային բացի համալրումը Առողջապահության նախարարությունը իրականացնում է նպատակային կլինիկական օրդինատուրայի միջոցով: Հայաստանի Հանրապետություն կորոնավիրուսային հիվանդության վարակի ներթափանցմամբ ու տարածմամբ պայմանավորված Առողջապահության նախարարությունը անհրաժեշտության դեպքում կքննարկի եւ համապատասխան  մասնագիտությունների հայտ կներկայացնի Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն` պետական պատվերի շրջանակներում կլինիկական օրդինատուրա կազմակերպելու համար»:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.