Երևանից Դիլիջան ընթացող «Մերսեդեսի» խուզարկությամբ հայտնաբերվել են «Կալաշնիկով» ինքնաձիգներ

 

Հունիսի 8-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչությունից ոստիկանության Դիլիջանի բաժին օպերատիվ տեղեկություն է փոխանցվել, որ Երևանից Դիլիջան է ընթանում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա։ Այս ամսին հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից։ Ըստ հավաստի տեղեկությունների՝ մեքենայի սրահում ապօրինի զենք-զինամթերք կար։ Ոստիկանության Տավուշի մարզային վարչության, Դիլիջանի բաժնի ծառայողներն ու մարզը սպասարկող ճանապարհային ոստիկանները Դիլիջանի Կամոյի փողոցում հայտնաբերել են կասկածելի մեքենան։ Վարորդը և ուղևորները բերման են ենթարկվել ոստիկանության Դիլիջանի բաժին։ Մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Դատարանի որոշմամբ` մեքենան խուզարկվել է։ Հայտնաբերվել են գործարանային համարներով «Կալաշնիկով» ինքնաձիգներ՝ լիցքավորված փամփշտատուփերով, ինչպես և փամփշտատուփ, որը ևս լիցքավորված է եղել փամփուշտներով։ Բերման ենթարկվածների խուզարկությամբ էլ հայտնաբերվել են դանակներ։ Ապօրինի զենք-զինամթերքն ու դանակները առգրավվել են։ Նշանակվել են փորձաքննություններ։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Բերման ենթարկվածները ձերբակալվել են։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.