Նիկոլ Փաշինյանի <<սերժացումը>>

Երեկ գիշերվանից սկսած սոցիալական ցանցերը ողողված են <<իմքայլական>> տարբեր <<կալիբրի>> գործիչների ու ակտիվիստների գրառումներով՝ այս անգամ թիրախավորելով խորհրդարական երկրորդ ուժին՝ ԲՀԿ-ին։ Ժողովրդական հեղափոխության ալիքի վրա իշխանության եկած եւ ավելի քան 70 տոկոսանոց վստահության քվե ստացած քաղաքական ուժը, որը հեղափոխական հարթակից խոստանում էր կառուցել ազատ, ժողովրդավարական երկիր՝ քաղաքացու իրավունքների ու ազատությունների գերակայությամբ, այսօր իրավական տեռորի է ենթարկում ցանկացած մեկին, ով հանդգնում է քաղաքական գնահատական հնչեցնել կամ քննադատել իշխանության գործունեությունը։

ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը երեկ քաղխորհրդի նիստում սուր քննադատության ենթարկեց Նիկոլ Փաշինյանի կառավարությանը՝ հայտարարելով, որ այն 100 տոկոսով պետք է փոխվի, քանի որ չի արդարացրել ժողովրդի վստահությունը եւ ձախողել է բոլոր ոլորտներում։ Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանի մամլո խոսնակը տարածեց հայտարարություն, որն անուղղակի սպառնալիք էր, թե կգործադրվի իրավական մահակ, եթե հանդգնեն քննադատել կառավարությանը։ Սա հիշեցնում է ոչ վաղ անցյալի՝ 2015 թ-ի ՀՀԿ խորհրդի տխրահռչակ նիստը, հատկապես որ երեկվանից <<իմքայլականներն>> ինտենսիվորեն շրջանառվում են այդ նիստի մասին պատմող տեսանյութն ու տեսանյութի գլխավոր հերոս <<մերժված գործիչ>> Սերժ Սարգսյանի ելույթը։

Վերադառնալով 2015 թ-ի անցքերին, հիշեցնենք Սերժ Սարգսյանը քաղաքական հաշվեհարդար սկսեց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ՝ հանձնարարելով սկսել Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու գործընթաց եւ հրապարակելով առկախված չստուգված լուրեր՝ հանձնարական իջեցրեց իրավական մահակներ ճոճելու սպառնալիքի տակ՝ հեռացնել նրան քաղաքականությունից։ Հիմա հարց է ծագում, թե արդյո՞ք ՀՀԿ-ի քաղաքական տեռորի արվեստը սկսել է բանեցնել նաեւ 2 տարի առաջ ՀՀԿ-ին ու Սերժ Սարգսյանին մերժած հեղափոխական իշխանությունը։ Ինչու է Նիկոլ Փաշինյանի իշխանությանը հանկարծ սկսել դուր գալ ՀՀԿ-ի կիրառած շանտաժի գործիքները։ Սերժ Սարգսյանի իշխանությունը մերժում էր քննադատությունը, քանի որ չուներ լեգիտիմություն եւ իշխանության էր եկել ընտրակաշառքի միջոցով, կիսագողականների ուսերի վրա։ Այդ իսկ պատճառով իշխանական բուրգը պահում էր վայրի կանոններով՝ թայֆայական օրենքներով, ոստիկանության ջոկատներով ու իրավական մահակների գնով։

Հարց է ծագում հեղափոխականների ուսերի վրա իշխանության եկած եւ ավելի քան 70 տոկոս վստահություն եւ բացարձակ լեգիտիմություն ունեցող քաղաքական ուժի ինչի՞ն են պետք <<մերժվածների>> գործիքները։ Թավշյա իշխանությունն ինչո՞ւ է ձեռք մեկնում իրավական մահակներին ու շանտաժին։ Փաշինյանն արդյո՞ք կորցրել է հեղափոխական ուժերի եւ ժողովրդական լայն զանգվածների վստահությունը եւ իշխանության կորստի վախն է նրան ստիպում քաղաքական քննադատություններին հակադրել քաղաքական շանտաժը, թե՞ պարփակվելով մերձավոր ՔՊ-ական թիմի ներսում՝ այնքան է կտրվել իրականությունից ու ժողովրդից, որ արդեն իսկ սկսել է դավաճանել իր իսկ դրվատած հեղափոխական գաղափարները։ Մեկ բան պարզ է. հեղափոխական իշխանությունը դավաճանել է հեղափոխական արժեքներն ու ժողովրդին, եւ արդեն իսկ գնում է եւ <<սերժացման>> ճանապարհով։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.