Շուտով հնարավոր կլինի Հայաստանում սկսել թեստերի արտադրություն. նախատեսվում է արտադրել 100 հազ. թեստ

Թեստավորումներն իրականացվում են ըստ ցուցումների։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանելով հարցին, թե ինչու է նվազել թեստավորումների քանակը։

«Ուղղակի դուրս գալ և փողոցներում մարդկանց թեստավորել, իհարկե այդպես չի արվում։ Ամեն օր արվում է այնքան թեստ, ինչքան անհրաժեշտություն կա»,-ասաց վարչապետը։

Անդրադառնալով հայկական արտադրության թեստերին Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտն ավարտել է լաբորատոր փորձարկումները և դիմել Առողջապահության նախարարություն անկախ փորձարկումներ կազմակերպելու համար։ Նախարարությունը մի քանի օրվա ընթացքում այս գործընթացն ավարտին կհասցնի, որից հետո վարչապետի խոսքով հնարավոր կլինի սկսել թեստերի արտադրությունը. «Նախատեսված է 100 հազար թեստի արտադրություն օրական 1000-ից 2000 թեստի արտադրություն»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

Անդրադառնալով Հայաստանին օգնելու Վրաստանի պատրաստակամությանը Նիկոլ Փաշինյանը նկատեց համավարակի առաջին օրվանից սերտորեն համագործակցել են Վրաստանի կառավարության հետ և եթե ծագի նման անհրաժեշտություն, կարող են լինել քայլեր. «Բայց մենք հույս ունենք, որ նման անհրաժեշտություն չի ծագի։ Ինչպես կարող ենք անել, որ վերակենդանացման բաժանմունքի ծառայությունների կարիքը չլինի, այնպես էլ կարող ենք անել, որ աջակցության կարիք չունենանք»,-ասաց վարչապետը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.