ԱԺ պատգամավորն ահազանգում է թուրքամետ խմբավորումների կողմից Սիրիայում եզդիների թիրախավորման մասին

 

ՀՀ ազգային ժողովի՝ ազգությամբ եզդի պատգամավոր Ռուստամ Բաքոյանն ահազանգում է Սիրիայի Աֆրին քաղաքում Թուրքիայից հովանավորվող խմբավորումների կողմից եզդիական համայնքի թիրախավորված լինելու մասին: Այս մասին Բաքոյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

 
 

«Սիրիական արմատական խմբավորումները, հովանավորություն ունենալով Թուրքիայի կառավարության կողմից, վերահսկողություն են սահմանել Աֆրինի շրջանի՝ ներառյալ այդ տարածքում գտնվող եզդիական գյուղերի նկատմամբ։ Այս խմբավորումները բազմաթիվ վայրագություններ են իրականացնում եզդիների նկատմամբ, ստիպում են նրանց փոխել իրենց կրոնը, բռնագաղթել՝ միաժամանակ ստեղծելով պայմաններ տարածաշրջանում ժողովրդագրական փոփոխությունների համար»,- գրել է Բաքոյանը:

Պատգամավորը նշել է, որ այդ իսլամական արմատական խմբավորումները վերջերս ոչնչացրել են շատ եզդիական սրբավայրեր, քանդել և հրկիզել եզդիական գյուղեր և բնակավայրեր, ինչը դասվում է պատերազմական հանցագործությունների շարքին:

 
«Այս խմբերը ստիպում են տարածաշրջանի եզդիներին հաճախել իսլամական մզկիթներ։ Աֆրինում գտնվող եզդիների որոշ սրբավայրեր վերածվել են մզկիթների։ Դաժան վայրագություններ են իրականացվում եզդի կանանց և երեխաների նկատմամբ»,- նշել է պատգամավորը:
 
 

Ռուստամ Բաքոյանը գրառմանը կից տեղադրել է նաև եզդի աղջկա լուսանկար, որը սպանվել է Թուրքիայից հովանավորվող թուրքամետ խմբավորումների կողմից:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.