Ավտովթար Գեղարքունիքի մարզում. 58-ամյա վարորդը Nissan-ով մի քանի պտույտ գլորվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել է Գետիկ գետի ափամերձ հատվածում. կա վիրավոր

Երեկ՝ մայիսի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 22։30-ի սահմաններում Ճամբարակ քաղաքի բնակիչ՝ 58-ամյա Սամվել Ղալեչյանը իր վարած Nissan մակնիշի ավտոմեքենայով Ճամբարակ-Դիլիջան ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում՝ Թթուջուր գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ գլորվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել Գետիկ գետի ափամերձ հատվածում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ս. Ղալեչյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ճամբարակ» բժշկական կենտրոն։
 
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականն ու սահմանազատել տարածքը։

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Հարություն Մարգարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.