Նախարարն իր հայտարարություններով խուճապ է առաջացնում. դոկտոր, պրոֆեսոր

Ունեցանք բավական պարադոքսալ իրավիճակ, երբ կարանտինի պայմաններում վարակվածների թիվը ոչ թե պակասեց, այլ ավելացավ։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ռազմավարական բարեփոխումների ազգային խորհրդի համահիմնադիր Պետրոս Անանիկյանը։

Նրա կարծիքով` կարանտինային գործողություններն արդյունք չտվեցին, քանի որ վարակակիրների թվի աճից բացի մարդկանց մոտ հոգեկան խնդիրներ առաջացան, շատերը ժամանակավորապես կորցրեցին աշխատանքը, զրկվեցին եկամտից։ Պետրոս Անանիկյանը գտնում է, որ եթե մարդուն ստիպում են տանը մնալ, ապա պարտավոր են համապատասխան օգնություն ցուցաբերել։ Բացի այդ մասնագետի խոսքով պետությունը պետք է գնար մեծ թվով թեստավորումների ճանապարհով. «Չեմ կարծում, որ մեր թեստավորումների թիվը շատացել է։ Պետք է կտրուկ շատանա, ոչ թե օրական 1000 հետազոտություն, այլ պետք է առնվազն երկու շաբաթվա ընթացքում կարողանանք թեստավորել 150-300 հազար մարդու»,-ասաց Պետրոս Անանիկյանը։

Անդրադառնալով քաղաքացու անհատական պատասխանատվությանը, դոկտոր, պրոֆեսորը նկատեց՝ քաղաքացին կարող է կատարել իր քաղաքացիական պարտքը, լինել զգոն, բայց դրա համար նրան պետք է ի սկզբանե ամեն ինչ ճիշտ բացատրեն. «Սկզբում ասացին, որ ընդհանրապես վտանգավոր չէ, հետո սկսեցին ժողովրդին խայտառակ ձևով վախեցնել, որն Առողջապահության նախարարությանը վայել չեմ համարում։ Չի կարելի ժողովրդին այդպես կտրուկ վախեցնել, պանիկայի մեջ գցել։ Պետք է բացատրել՝ կորոնավիրուսը կա, այն իրականություն է, այն ավելի բարդ է, քան մյուս վիրուսները, բայց ավելի թույլ է Mars և Sars տեսակներից, որոնք 40 տոկոս մահացության ցուցանիշ են գրանցում»,-ասաց Պետրոս Անանիկյանը՝ նկատելով, որ այսօր արդեն խոսում են այն մասին, ինչ պետք է ասեին հենց առաջին օրը։ Նրա խոսքով սոցիալական հեռավորության, դիմակներ կրելու և ձեռքերն ախտահանելու մասին կարելի էր խոսել կորոնավիրուսի Հայաստան ներթափանցելու հենց առաջին օրվանից։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.