Փորձեք հաշտվել, որ մենք խորհրդարանի նիստերի դահլիճում ձեզ հետ լինելու ենք անհամաձայն. Կոստանյան

Եթե այս նույն ինտենսիվությամբ ոչ ժամանակավրեպ որոշումներ կայացվեին որոշ անձանց կողմից, ապա գուցե մենք այսօր չունենայինք այն սարսափեցնող պատկերը, որի մասին պարբերաբար ամենաբարձր մակարդակով ահազանգվում է։ Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը։

«Պարբերաբար ծաղրելն այս կամ այն քննադատության համար կարծում եմ լավագույն տարբերակը չէ երկրում համավարակի կանխարգելման ուղղությամբ աշխատանքներ տանելու համար, և որպեսզի խուսափենք հետագայում տարաբնույթ տհաճ միջադեպեր ունենալուց ուղղակի փորձեք հաշտվել, որ մենք խորհրդարանի նիստերի դահլիճում ձեզ հետ լինելու ենք անհամաձայն, դրսևորելու ենք տարակարծություն ու ահազանգելու ենք բոլոր այն խնդիրների մասին, որոնք չեք բարձրաձայնելու դուք»,-դիմելով իշխանությանն ասաց Կոստանյանը։

Նա ընդգծեց, որ սոցիալական հարթակներում ԶԼՄ-ներով տարածվող սուտ տեղեկատվությունը, միքայելմինասյանական ուժերի կամ ինչ-որ անձանց հովանու ներքո գտնվելու համար մեղադրանքները հոգնեցուցիչ են՝ ծիծաղելու աստիճան։

«Որպեսզի մի փոքր սցենարային տարբերություն լինի, խնդրում եմ մտածեք այլ բաներ ՝ մեղադրանքներն ավելի փաստարկված և հիմնավոր հնչեցնելու համար։

Այսուհետ նման մեղադրանք հնչեցնող ցանկացած անձ որևէ ապացույց կամ փաստարկ չներկայացնելու դեպքում համարվելու է սուտ մատնիչ կամ շարքային ստախոս»,-ասաց պատգամավորը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.