Այսօր կառավարությունում չկան մարդիկ, որոնք կկարողանան լուծել գազի թնջուկը. Արմեն Մանվելյան

«Դա էներգետիկ դիվանագիտության փայլուն ցուցիչ է: Այդ քայլն ավելի շատ ուղղված էր Ադրբեջանին ՝ ցույց տալու, որ ծայրահեղ դեպքում իրենք կգնան ռուսների հետ համաձայնության, իսկ Ռուսաստանը մշտապես ցանկացել է վրացական շուկայում տեղ ունենալ, ոչ այնքան տնտեսական, որքան իրենց քաղաքական շահերից ելնելով»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց էներգետիկ եւ անվտանգության հարցերի փորձագետ Արմեն Մանվելյանը ՝ անդրադառնալով «Գազպրոմ» ընկերության հետ Վրաստանի ձեռք բերած համաձայնությանը, ինչի մասին հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան:

Հիշեցնենք, Թուրնավան տեղեկացրել էր, որ ռուսական ընկերության հետ նոր պայմանները նախատեսում են սակագնի նվազում եւ խոսքը շուրջ 15% նվազման մասին է:

Արմեն Մանվելյանի խոսքով, այստեղ Ռուսաստանի կողմից, մասնավորապես, Հայաստանին ուղղված քաղաքական մեսիջ չկա: Ըստ փորձագետի, Ռուսաստանը դրա կարիքը պարզապես չունի: Փորձագետը բացատրում է՝ Սահակաշվիլու ժամանակներից սկսած, երբ ՌԴ-ն գազի գինը Վրաստանի համար բարձրացրեց ՝ հասցնելով մոտ 254 դոլարի, Վրաստանը հրաժարվեց գազ գնել ՌԴ-ից ու մոտավորապես 215-220 դոլարով այն սկսեց գնել Ադրբեջանից, բայց քանի որ Վրաստանի նոր իշխանությունները հակված են աշխատել ՌԴ-ի հետ եւ ցանկանում են, որ Ադրբեջանը համաշխարհային էներգետիկ շուկային համահունչ գազի գնի իջեցման գնա բանակցություններ են սկսել ռուսների հետ եւ սկսել են գնել ոչ մեծ ծավալի էժան գազ:

«Ինչ վերաբերում է հայ-ռուսական հարաբերություններին, այստեղ հարկավոր է, որ ավելի խորքային մոտեցումներով լուրջ մարդիկ հայտնվեն, որոնք կկարողանան հասկանալ գազի շուրջ հայ-ռուսական հարաբերությունների թնջուկը եւ ռազմավարություն կմշակեն: Ցավոք, այսօրվա կառավարությունում նման մարդիկ չկան եւ մի փաստ էլ արձանագրենք, որ գազի գինն այն թեման է, որը չի կարող նախարարների մակարդակով լուծվի, դա պետք է լուծվի ՀՀ վարչապետ-ՌԴ նախագահ մակարդակով, ոչ թե մեկ հեռախոսազանգով, որը փորձում են անել, այլ երկարատեւ քաղաքականության մշակման միջոցով»,-ընդգծեց Արմեն Մանվելյանը:

Փորձագետի խոսքով, այսօր Հայաստանի քաղաքականությունն անհասկանալի է, Հայաստանն ուզում է էժան գազ, բայց էներգետիկ քաղաքականություն մշակել չի կարողանում, ինչը ձախողման մասին է խոսում , որովհետեւ ռուսական «Գազմպրոմ»-ը, ըստ մասնագետի ունի այդ ռեսուրսը. «Հայաստանը փոքր ծավալի գազ է սպառում ՝ տարեկան 2 միլիարդ, որը այն գինը չէ, որ չկարողանան էժանացնել, բայց ես կրկնում են, այստեղ քաղաքական բաղկացուցիչը շատ մեծ է եւ գոնե պետք է գաղափար ունենալ, թե ինչ բան է էներգետիկ քաղաքականությունը, մինչդեռ մենք հիմա անգամ էներգետիկայի նախարարություն չունենք»:

Փորձագետը շեշտում է՝ Հայաստանին մատակարարվող գազի գինը կախված չէ ԵԱՏՄ պայմանագրից, այն վերաբերում է գազի ընդհանուր շուկային, որը նշանակում է, որ անդամ երկրների համար այն գրեթե նույնը պետք է լինի, բայց մասնագետի խոսքով, հիմա ԵԱՏՄ-ն դրան պատրաստ չէ: «Այս պահին գազի գինը չի որոշվում ԵԱՏՄ շրջանակներում, գազի գինը կախված է Կրեմլի հետ հարաբերությունների որակից, եթե քաղաքական հարաբերությունները նորմալ են եւ դրա մեջ Հայաստանը կարողանում է նաեւ կողմերի համար որոշակի ռազմավարական հեռանկարներ դնել, ապա սակագնի փոփոխման մասին կարող ենք խոսել, որովհետեւ գազի գինը այն ցուցիչն է, որը ցույց է տալիս քաղաքական հարաբերություններ որակը, իսկ այն փաստը, որ գինը վերջին շրջանում միայն բարձրանում է, խոսում է այն մասին, որ այդ հարաբերություններում ամեն ինչ չէ, որ կարգին է», -եզրափակում է փորձագետը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.