Ադրբեջանը պաշտոնապես ճանաչվել է երկիր, որն ապօրինի ազատ է արձակել հանցագործին և դրանով նրան հերոսացրել. Լապշին

Ռուս-հրեական ծագմամբ հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Գուրգեն Մարգարյանի և Հայկ Մակուչյանի գանգատի գործով ՄԻԵԴ-ի որոշմանը։ Նա մասնավորապես գրել է. «Ընկերներ, շնորհավորում եմ բոլորիս հերթական հաղթանակի կապակցությամբ՝ տոտալիտարիզմի՝ Ադրբեջանի հանրապետության իշխանության դեմ։ Եվրոպական դատարանն անօրինական է ճանաչել՝ Բուդապեշտում հայ սպային սպանող, ապա Հունգարիայի իշխանությունների կողմից Բաքու արտահանձնված Ռամիլ Սաֆարովի ներումը։

Բացի այդ՝ Եվրոպական դատարանն արձանագրել է, որ անթույլատրելի է հերոսացնել այն մարդուն, ով կացնով սպանել է քնած մարդուն և հունգարական դատարանի կողմից դատապարտվել էր ցմահ ազատազրկման։ Շատերը կասեն՝ իսկ ի՞նչ է դա մեզ տալիս։ Տուժող կողմին տրամադրվել է ընդամենը 15 հազար եվրո։ Ընկերներ, խնդիրը նախադեպի մեջ է։ Ադրբեջանը պաշտոնապես ճանաչվել է երկիր, որն ապօրինի ազատ է արձակել հանցագործին և դրանով նրան հերոսացրել։ Ես նրանցից նույնպես մեծ գումարներ չեմ սպասում իմ գործով՝ Բաքվում սպանության փորձի գործով։ ՄԻԵԴ-ը սովորաբար տալիս է 15-40 հազար եվրո, կարծես թե ռեկորդը եղել է 696 հազար եվրո՝ Նավալնին ընդդեմ ՌԴ-ի գործով։ Իմ գործով ես սպասում եմ նախադեպի ստեղծման, որ ոչ մեկի չի կարելի արտահանձնել ադրբեջանցիներին, քանի որ նրանք նախ և առաջ ի վիճակի չեն ապահովել մարդկանց անվտանգությունը և երկրորդ՝ նրանց հանձնել չի կարելի, որովհետև նրանց բոլոր հետապնդումները մոտիվացվում են անձնական վրեժխնդրությամբ և քաղաքականությամբ»։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.