Վճռաբեկ դատարանն այսօր արդարացրեց Մարտի 1-ի գործով 9 դատապարտյալի

 
 

ՀՀ Վճռաբեկ դատարանն այսօր արդարացրեց Մարտի 1-ի գործով 9 դատապարտյալի՝ այդպիսով բավարարելով Գլխավոր դատախազության բողոքները:

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջով հայտնում է, որ այսօր կայացրած իր որոշումներով ամբողջությամբ բավարարել է 2008թ. նախագահական ընտրություններին նախորդող և հաջորդող ժամանակահատվածում տեղի ունեցած իրադարձություններին վերաբերող քրեական գործերով 9 անձի վերաբերյալ կայացված մեղադրական դատավճիռների դեմ ՀՀ գլխավոր դատախազի կողմից բերված վճռաբեկ բողոքները:

 
 

Մասնավորապես, բավարարվել են ՀՀ գլխավոր դատախազի բողոքները՝ ՀՀ Վճռաբեկ դատարանն իր որոշումներով ճանաչել է Արմեն Ավագյանի, Մասիս Այվազյանի, Կարեն Թարխանյանի, Դավիթ Աղայանի, Վարդան Ջհանգիրյանի, Արմեն Շահինյանի, Դավիթ Մաթևոսյանի, Խաչիկ Գասպարյանի և Սամվել Հարությունյանի անմեղությունը իրենց մեղսագրված արարքներում և հանցակազմի բացակայության հիմքով կարճել է նրանց վերաբերյալ քրեական գործերի վարույթները:

Հիշեցնենք, որ Արամ Բարեղամյանի վերաբերյալ գործով էլ Վճռաբեկ դատարանը մասնակի է բավարարել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը, բեկանել է կայացված դատական ակտերը եւ որոշել քրեական գործն ուղարկել Ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության: Այս գործով ևս ՀՀ գլխավոր դատախազությունը խնդրել էր կայացնել արդարացման դատական ակտ:

 

Լուսանկարում՝ ձախից՝ Վարդան Ջհանգիրյանը, Դավիթ Մաթեւոսյանը, Խաչիկ Գասպարյանը

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.