Ոստիկանության Կապանի բաժնում խոչընդոտել են փաստաբանների աշխատանքը, թույլ չեն տվել տեսակցել ձերբակալված քաջարանցիներին

Քաջարանցիների ձերբակալության հիմքում դրված կասկածն ու փախուստի դիմելու հավանականությունը դատարանի համար համոզիչ չեն եղել, ուստիեւ դատարանը ձերբակալությունները համարել է ոչ իրավաչափ։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ոստիկանության Կապանի բաժին բերման ենթարկված, ապա՝ ձերբակալված Խորեն Միրզոյանի պաշտպան Կարեն Ղազարյանը։

Նշենք, որ Միրզոյանը ձերբակալվել էր երեկ՝ վաղ առավոտյան՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարք կատարելու կասկածանքով, այն է՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ մարդուն առևանգելը։ Փաստաբանը հայտնեց, որ որևէ առևանգում տեղի չի ունեցել և, եթե նախաքննությամբ չհաստատվեց, որ եղել է առևանգում, ապա նախաքննական մարմինը պետք է սուտ մատնության հարց բարձրացնի։

Ղազարյանը տեղեկացրեց, որ ձերբակալման որոշումը բողոքարկվել է երկու հիմքով էլ։ Նախաքննության շահից և գաղտնիքից ելնելով ՝ պաշտպանը չբացեց փակագծերը, սակայն նշեց, որ առկա է մեկ անձի ցուցմունք, որը վիճարկելի է, քանի որ իրար հակասող ցուցմունք-բացատրություններ կան տրված՝ տարբեր բովանդակության։ Կասկածյալը օգտվել է լռելու իրավունքից, այսինքն՝ դիրքորոշում չի ցանկացել արտահայտել, որովհետև վստահ են, որ այդ ամենն անհեթեթություն է։

«Ձերբակալման իրավաչափության բողոքարկման ժամանակ հայտնեցի իմ տեսակետը, որ իմ պաշտպանյալը հերքում է իր մասնակցությունն արարքին»,- ասաց պաշտպանը։

Ղազարյանի ներկայացմամբ՝ Ոստիկանության Կապանի բաժնում խոչընդոտել են փաստաբանների աշխատանքը, թույլ չեն տվել մուտք գործել ոստիկանության բաժին, ինչի վերաբերյալ պաշտպանները դիմել են ՄԻՊ-ին և ՓՊ-ին։

«Եթե մեր լիազորությունների իրականացմանը չխոչընդոտեին, թույլ տային մեզ ժամանակին մտնել ոստիկանության բաժին, այս ամենը չէր լինի։ Այսինքն՝ բռնություն չէր լինի, բազմությունը չէր հավաքվի՝ որպես բողոքի ակցիա»,- ասաց Ղազարյանը՝ հավելելով, որ քաջարանցիները ոստիկանության մոտ հավաքվել են, երբ պարզվել է, որ երիտասարդի նկատմամբ բռնություն է գործադրվել։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ մայիսի 24-ին Երեւանից հատուկ ջոկատայիններ են գործուղվել Սյունիք հատուկ գործողություններ իրականացնելու նպատակով: Վաղ առավոտյան սպեցնազն անցել է գործի եւ 4 անձ բերման է ենթարկվել։ Հետագայում՝ մեկ հոգին ազատ է արձակվել. Նրան սխալմամբ էին բերման ենթարկել ու հենց նրա նկատմամբ էլ ոստիկանության բաժնում բռնություն է գործադրվել։ Համենայն դեպս՝ երեկ մամուլում տարածվել էր բռնության հետքերով լուսանկարները։ Ոստիկանության բաժնի մոտ հավաքվել էին մեծ թվով քաջարանցիներ՝ պահանջելով ազատություն ու արդարություն։ Նրանք բողոքի ակցիան դադարեցրին միայն այն բանից հետո, երբ Քաջարանի համայնքի ղեկավարը հայտարարեց, որ իրեն հավաստիացրել են, որ ոստիկանության բաժնում կիրառված բռնության դեպքի առթիվ պատշաճ քննություն կընթանա։

Ակցիայի ավարտից հետո հաղորդագրությամբ հանդես եկավ նաեւ ՔԿ-ն նշելով, որ ձերբակալվածները կասկածվում են մարդ առեւանգելու մեջ։

«Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Քաջարանի բնակիչներ Գ․ Մ․-ի և նրա ընկերոջ՝ Կ․ Թ․-ի միջև տեղի ունեցած վեճի հանգամանքների պարզաբանման համար Քաջարան համայնքի ղեկավարի կանչով, 2020թ. ապրիլի 26-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Քաջարանի Լեռնագործների փողոցում գտնվող, վերջինիս պատկանող բենզալցակայանի հետնամասում գտնվող չգործող նախկին ռեստորանի շինությունում հավաքվել են համայնքի ղեկավարը և շուրջ 20 հոգի, որտեղ տեղի է ունեցել ծեծկռտուք։

2020թ. ապրիլի 29-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցներ Բ․ Հ․-ն, նրա եղբայրը՝ Լ․ Հ․-ն, Խ․ Մ․-ն և Մ․ Ս․-ն, կոմբինատի ավտոկայանատեղիում բռնություն գործադրելով, առևանգել են Շ. Մ․-ին և Խ.Մ․-ի կողմից վարվող ավտոմեքենայով տեղափոխել «Աժդանակ» ՍՊԸ-ի տարածք, Ա․ Հ․-ի և Գ․ Մ․-ի հետ ծեծի ենթարկել նրան:

Շուրջ կես ժամ ծեծելուց հետո, Շ. Մ․-ին « Տոյոտա-Պրադո» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել են Ագարակ բնակավայրում գտնվող, Ա․Պ․-ին պատկանող առանձնատուն, որտեղ կրկին ծեծել են նրան, ինչին միջամտել են Շ.Մ․-ի եղբայրը՝ Գ.Մ․-ն և Ա․Փ․-ն, ինչպես նաև ինքնությունները չպարզված անձինք, ինչի հետևանքով ծեծկռտուքը դադարել է: Քրեական գործի նախաքննության ընթացքում, Ա․Պ․-ի բնակության վայրում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափի «մարիխուանա» տեսակի թմրամիջոց։

2020թ․մայիսի 24-ին Խ․ Մ-ն, Մ․ Ս-ն և Լ․ Հ-ն ձերբակալվել են` ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, իսկ Ա․Պ-ն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործություններ կատարելու կասկածանքով»,- հայտարարել է ՔԿ-ն։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.