Մտադիր ենք պարզել` ինչն է Թորոսյանին նման հայտարարության առիթ տվել. Վրաստանի ԱՆ

 

Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեն մտադիր է կապ հաստատել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ` կապված Հայաստանի հանրային խորհրդի նիստում նրա բարձրացրած հարցերի հետ։ Այս մասին Տիկարաձեն ասել է Rustavi 2 հեռուստաալիքի եթերում։

 
 

Տիկարաձեն Թորոսյանի հայտարարությունները չհիմնավորված և հարցեր առաջացնող է անվանել։

Հիշեցնենք, որ  ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Հանրային խորհրդի նիստում խոստովանել էր, որ Վրաստանում կիրառված և մինչ օրս գործող սահմանափակումներն ավելի արդյունավետ էին և ավելի խիստ։ Սակայն նա կասկած էր հայտնել վարակվածների հաշվարկի մեթոդաբանության հարցում`նշելով, որ Հայաստանում հակահամաճարակաբանական համակարգն ավելի զարգացած է, քան հարևանների մոտ։

 
 
Թորոսյանի խոսքերը լուրջ իրարանցում էին առաջացրել Վրաստանում, բժշկական հանրությունը ներողություն էր պահանջել։

Ավելի ուշ Հայաստանի առողջապահության նախարարությունը դիվանագիտական խողովակներով պաշտոնական Թբիլիսիին իր ափսոսանքն էր փոխանցել Թորոսյանի հայտարարության հետ կապված։

 
 
 

«Մենք համավարակի շրջանում բազմիցս շփվել ենք հեռախոսով։ Խորհրդակցել ենք, համեմատել մեր երկրների իրավիճակը։ Եթե նրա մոտ հարցեր կային, Թորոսյանը կարող էր կրկին դիմել հաղորդակցման այդ ձևին և կստանար իր բոլոր հարցերի պատասխանները», -ասել է Տիկարաձեն։

 
 
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյան. արխիվային լուսանկար
 

Նրա խոսքով` ոչ ոք չի կարող կասկածի տակ դնել այն արդյունքները, որոնց Վրաստանը հասել է կորոնավիրուսի դեմ պայքարում։

Նա նշել է, որ ձեռնարկված միջոցառումների արդյունավետությունը միայն թվերը չեն հաստատում, այլև հասարակական գնահատականը։

Նա ընդգծել է, որ այդ տեսանկյունից Թորոսյանի հայտարարությունը որոշակի կասկածներ և հարցեր է ծնում` ստիպելով մտածել նրա խոսքերի իսկության մասին։

 
 

«Մտադիր ենք նրա հետ հեռախոսազրույց ունենալ, մանրամասն պարզելու համար, թե որն է եղել նման հայտարարության պատճառը», – ասել է Տիկարաձեն։

Նախարարն ընդգծել է, որ անկախ քաղաքական գործիչների և հանրության` էքսպրես թեստեր անցկացնելու կոչերի, իրավասու մարմիններն ընտրել են PCR թեստավորումը, ինչը, ըստ նրա, բացառում է պաշտոնական վիճակագրության հետ կապված ցանկացած կասկած։

 
 

Մայիսի 25-ի դրությամբ` Հայաստանում կորոնավիրուսի 7113  դեպք է գրանցվել, Վրաստանում` 731։

armeniasputnik.am

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.