Հրաժարականի հարց չի քննարկվել. փոխնախարար

ԱԺ հանձնաժողովի փակ նիստում չի քննարկվել ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանի հրաժարականի հարցը։ Այս մասին հայտարարել է ինքը՝ փոխնախարարը՝ փակ նիստի ավարտից հետո։

«Նմանատիպ հարց չի քննարկվել»,- լրագրողների հարցին ի պատասխան նշեց նա՝ հավելելով․ «Նման հանդիպումները արդյունավետ են, ինձ հարցեր են ուղղվել, ես դրանց պատասխանել եմ, մնացած հարցերի հետ կապված»։

Ավելի վաղ «Փաստինֆո»-ն տեղեկացրել է, որ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովն այսօր փակ նիստ է հրավիրել՝ քննարկելու Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանի հրաժարականի և գրագողության առկա խնդիրների հետ կապված հարցերը։

Նիստին հրավիրվել են Գոգյանն ու Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Գրիշա Թամրազյանը։

Հիշեցնենք, որ Գոգյանի խոսքով՝ իր հրաժարականի պատճառներից մեկը այն է, որ Հայաստանի Պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի դոկտորական ատենախոսության մեջ կան գրագողության ակնհայտ հետքեր եւ այլ գիտական աշխատանքներից թարգմանություններ, եւ որ այս իրավիճակում ռեկտորը, անկախ ամեն ինչից, շարունակում է համալսարանը ղեկավարել համապատասխան կապերի եւ որոշ հովանավորչության շնորհիվ: Այս կապակցությամբ այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթեր էր մտել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ու հանցագործության մասին հաղորդում տվել, նշելով, որ իրավապահ մարմինները պետք է հրավիրեն Սմբատ Գոգյանին։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.