Երկրում հողի մշակման կուլտուրան պետք է փոխվի. Փաշինյանը՝ գյուղացիների հետ հանդիպումից հետո

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավարտեց Արարատի մարզ կատարած այցելությունը։ Ֆեյսբուքյան ուղիղ եթերում վարչապետն ասաց, որ մարդիկ տարատեսակ հարցեր էին բարձրացնում, հիմնականում ոռոգման ջրի հետ կապված հարցեր։ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ կան հարցեր, որոնցով կզբաղվեն, բայց նաև նկատեց՝ կան հարցեր, որ եթե լուծվեն, միևնույն է դա հարցը չի լուծելու։ 

«Մի տարի բերքն ավելի շատ է լինելու, քան պետք է։ Դրա արդյունքում բերքի գինն այնքան է ընկնելու, որ գյուղացին եկամուտ չի ունենալու։ Մի տարի բերքը քիչ է լինելու, մի տարի կարկուտ է լինելու, մի տարի ցրտահարություն է լինելու, մի տարի անձրևը շատ է լինելու, մի տարի անձրևը քիչ է լինելու։ Բոլորը հավասարազոր պրոբլեմներ են, հիմա հարցը հետևյալն է՝ բա ինչ է լինելու, որն է այս հարցի լուծումը։ Ես մնում եմ իմ կարծիքին, որ լուծումը մտածողության փոփոխությունն է։ Այսօր այն ջուրը, որն օգտագործվում է այս դաշտերում, այդ ջրով կարելի է 10 անգամ ավելի շատ հող մշակել, 10 անգամ ավելի շատ բերք ստանալ»,-ասաց վարչապետը։

Նա նշեց, որ մեր երկրում հողի մշակման կուլտուրան պետք է փոխվի, որովհետև այսկերպ հնարավոր չէ այնպես անել, որ դա գյուղացուն հարստացնի. «Ծռերին եմ նայում, այդ ծառերից մեծ մասի տեսքն ասում է, որ այդ ծառը եկամուտ չի բերելու։ Ժամանակակից աշխարհն այս ամենը վաղուց հաղթահարել է։ Ամեն տարի ժամանակակից ֆերմերը ոչ թե մտածում է՝ տենաս ինչքան բերք կլինի, այլ պլանավորում է, թե ինչան բերք ա պետք։ Ժամանակակից աշխարհում ինտենսիվ և ժամանակակից գյուղատնտեսության պայմաններում բերքը կախված չի եղանակից ու այլ գործոնից, բերքը կախված է պլանավորումից. Ինչքան պետք է , այդքան էլ ստանում են»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը հետևություն է արել, որ կան խնդիրներ, որոնք հընթացս կլուծվեն, բայց ըստ Նիկոլ Փաշինյանի՝ գլխավոր հարցը չի լուծվելու. «Մեկա գյուղացին մինչև էն պայմաններում չաշխատի, որ կոկիկ հագնվի ու գնա աշխատանքի՝ իր այգին մշակելու, հարցը չի լուծվելու։ Պետք է անցնել գյուղատնտեսության ժամանակակից տեխնոլոգիաներին»,-հավելեց վարչապետը՝ ընդգծելով, որ պրոբլեմը ջրի մեջ չի, այլ մտածողության, աշխատանքը կազմակերպելու կուլտուրայի մեջ է։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.