Շուշին իբր զարդ՝ բոլոր ժամանակներում

Շուշիի ազատագրման տասնամյակին էր նվիրված Շուշի մշակութային մայրաքաղաքի վերածնունդը խորհրդանշող համերգային ծրագիրը, որ վաղամեռիկ Մաեստրո Արամ Ղարաբեկյանը նախաձեռնեց Շուշիի ռեալական դպրոցի առջև: Դպրոցի կիսավեր շենքը գիշերային լույսերի ներքո այնքան հզոր ու ազդեցիկ էր իր դասականությամբ և նույնքան էլ՝ մթնոլորտի ազնվականությամբ: Հայաստանի պետական կամերային նվագախմբի գլխավոր դիրիժոր Արամ Ղարաբեկյանը Շուշիի նրբահյուս կերպարին ձուլեց՝ տարածության և ժամանակի մեջ թողնելով հեքիաթային համերգի հնչյունները:

Հետո, տարիներ անց Արցախի անկախության օրը Շուշիի ռեալական դպրոցի կիսավեր կամարները կրկին լուսավորվեցին՝ այս անգամ՝ Անդրեյ Բաբաևի «Արծվաբերդ», օպերայով, հաջորդիվ՝ Ավետ Տերտերյանի Կրակե օղակ օպերան էր, հետո՝ Հարո Ստեփանյանի Սասունցի Դավիթ օպերայի առաջնախաղը: ՈՒ երեքի մեջ էլ ՀՀ Առաջին տիկին Ռիտա Սարգսյանի ջանքն ու եռանդը կար: Մշակութային հրավառություններ էին Շուշիում, բայց ոչ միայն տոնական, այլ՝ իսկական, քանզի արվեստի օջախները մեկը մյուսի հետևից էին բացվում ու վերակառուցվում Շուշիում՝ կերպարվեստի թանգարանն ու պատկերասրահը, մշակույթի և երիտասարդության կենտրոնը, Շուշիի երաժշտական դպրոցը: Գորգերի, երկրագիտական թանգարանները, թատրոնը, հյուրանոցները… մշակութային և զբոսաշրջային Շուշին իր ձգողականությամբ քանի-քանիսին է մագնիսի պես ձգել և շարունակում է…

ՈՒ երեկ, երբ Արցախի Հանրապետության նախագահի երդմնակալության արարողությունը երբեմնի Շուշի մայրաքաղաքում կայացավ, դա վերևում նշածներիս հանրագումարն էր, բարձր նոտան: Հիմքը կար, հիմքը լավ էր դրվել:

Ինչու՞ եմ այս ամենը պատմում: Պատմում եմ, քանի որ ոչ մի կերպ հասկանալ չեմ կարողանում Լալա Մնացականյան դերասանուհուն, որն օրերս ոչ դես, ոչ դեն ասել է, թե՝ «Շուշին հիմա ծաղկում է, իսկ Սերժի ժամանակ Շուշին «բոմժանոց»» էր:

Պատմում եմ, քանի որ Շուշիի հողին ոտք դրած ցանկացած մարդ եթե չի զգացել ու ընկալել այս ամենը, եթե չի տեսել նախորդ շրջանում կատարված հսկայական աշխատանքը, վերականգնումներն ու կառուցումները, ուրեմն կույր է ու պարզապես տեսնելու ցանկություն չունի:

Ի՞նչն է դրդել տվյալ տիկնոջը նման բան ասել: Վստահաբար, չի էլ եղել Շուշիում: Եվ հաստատ՝ վերևում նշածս երևույթներից անտեղյակ է: Արվեստակիր չէ: Ի վերջո, չի հասկանում, որ պատերազմական օրերին անգամ ավերակված Շուշին իբր զարդ էր պատկերանում այն պաշտպանող ազատամարտիկներին: ՈՒ նրանք ազատագրում էին մեր հայրենիքի զարդերից մեկը՝ նրբահյուս Շուշի մայրաքաղաքը:

Այս տոնայնությամբ կարող էին խոսել միայն աչքները Շուշիին մնացած՝ ադրբեջանցիք: Նախանձից ու մաղձից: ՈՒ նրանց ջրաղացին ջուր լցնողները:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.