Արսեն Թորոսյանը ներկայացրել է՝ ինչ է լինում, երբ կորոնոավիրուսի պատճառով առաջանում է թոքաբորբ

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Որոշել եմ պատմել կորոնավիրուսային հիվանդությանը բնորոշ սուբյեկտիվ և օբյեկտիվ ախտանիշների մասին։

Օբյեկտիվ կարևոր ախտանիշներից մեկը դա արյան թթվածնով հագեցվածությունն է, կամ ինչպես բժիշկներն են ասում թթվածնի սատուրացիան (SpO2):

Այն նորմայում պետք է լինի 95%-ից բարձր և դա նշանակում է, որ թոքերում թթվածնի փոխանցումը արյան մեջ տեղի է ունենանում բավարար քանակով և օրգանիզմում թթվածնաքաղց չի առաջանում:

Երբ կորոնոավիրուսի պատճառով առաջանում է թոքաբորբ և թոքերի մի հատվածը դուրս է մնում թթվածնի փոխանակման գործընթացից, սատուրացիան սկսում է անկում ապրել: Ինչքան սատուրացիան ցածր է, այնքան թոքային հյուսվածքի ախտահարման ծավալը մեծ է և պացիենտի վիճակը ծանր է:

Հենց սատուրացիան բարձրացնելու համար են բժիշկները պացիենտներին թթվածնաթերապիա անում` սկզբում սովորական դիմակով շնչացնելով, իսկ ավելի ծանր դեպքերում թոքերի ոչ-ինվազիվ և ինվազիվ արհեստական օդափոխությանը միացնելով:

Այս ցուցանիշը մեր բոլոր պացիենտների մոտ օրական մի քանի անգամ չափվում է, որպեսզի որոշվի առողջական վիճակի փոփոխության ուղղությունը` բարելավում կամ վատթարացում և համապատասխան միջամտություններ կատարվեն։

Հ.Գ. բարեբախտաբար իմ մոտ թթվածնի սատուրացիան դեռ 98% է»։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.