Ադրբեջանի 2019թ. պաշտպանական ծախսերը գերազանցել են բյուջեով նախատեսվածը. «Ռազմինֆո

Ադրբեջանի ֆինանսների նախարարությունը հրապարակել է երկրի 2019թ. բյուջեի կատարողականը, համաձայն որի` Ադրբեջանը նախորդ տարի պաշտպանական ոլորտի ծախսերին ուղղել է 3 մլրդ 354 մլն մանաթ, ինչը մոտ 167 մլն մանաթով ավելի է 2019թ. ամռանը հաստատված բյուջեյով նախատեսված ծախսերից:

2019թ. հունիսին Ադրբեջանը կրկին ավելացրել էր իր ռազմական ծախսերն, այս անգամ ևս հայտարարելով, որ դրան նպաստել են տնտեսական բարձր ցուցանիշները: Ամռանը հաստատված բյուջեյով նախատեսված էր պաշտպանական ծախսերին հատկացնել 3 մլրդ 187 մլն մանաթ (~ 1 մլրդ 870 մլն դոլար՝ 2019թ. հունիսի 20-ի փոխարժեքով):

Ըստ հրապարակված կատարողականի` 2019թ. ծախսերը մոտ 20,7 մլն մանաթով կամ 0,6 տոկոսով ավել են նաև 2018թ. ծախսերից:

Հիշեցնենք, որ 2019թ. նոյեմբերին հաստատված բյուջեյով Ադրբեջանը նախատեսում է 2020թ․պաշտպանության ու ազգային անվտանգության ծախսերին տրամադրել 3 մլրդ 853 մլն մանաթ (~2 մլրդ 271 մլն ԱՄՆ դոլար՝ 2019թ. նոյեմբերի 29-ի փոխարժեքով), ինչը նախորդ տարվա ~3 մլրդ 187 մլն մանաթից ավելի է 20,9 տոկոսով։

Այնուամենայնիվ, նոր կորոնավիրուսի և նավթի գնի կտրուկ տատանումների հետևանքով հավանական է, որ Ադրբեջանն այս տարի ևս կփոխի բյուջեյով նախատեսված ծախսերը, սակայն այս անգամ նվազեցման սկզբունքով:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.