Քոչարյանի պաշտպանի տեղեկություններով՝ ՀՀ եւ Արցախի նախկին վարչապետերը վաղը կներկայանան դատարան

 
 

Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանը մասնակցելու է վաղը նշանակված դատական նիստին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նրա որդի Լեւոն Քոչարյանը:

Նշենք, որ Քոչարյանը ապրիլի 28-ից գտնվում է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում:

 
 

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նրա պաշտպան Արամ Վարդեւանյանն էլ ասաց, որ, իր տեղեկություններով, Քոչարյանը վիրահատական միջամտության դեռ չի ենթարկվել. «Հետեւաբար չպիտի լինի խոչընդոտ, եւ պիտի ի վիճակի լինի մասնակցելու դատական նիստին: Ես կարող եմ ասել նաեւ, որ դատարանի կազմից ունեմ տեղեկություն, որ կազմակերպչական գործողությունների, ուղեկցող վաշտի վերաբերյալ համապատասխան գրություն է ուղարկվել»:

Հարցին, թե ո՞ր միջնորդությունն են ցանկանում առաջնահերթ քննարկել, Արամ Վարդեւանյանը պատասխանեց. «Մարտի 16-ին ներկայացրել ենք անձնական երաշխավորության միջնորդություն, այնուհետեւ՝ ապրիլի 17-ին, ես ներկայացրել եմ գրավի վերաբերյալ միջնորդություն, դրան նախորդող ժամանակահատվածում, եթե չեմ սխալվում, մարտի վերջ-ապրիլի սկիզբ, նաեւ պարոն Ալումյանն է միջնորդություն ներկայացրել խափանման միջոցը փոփոխելու վերաբերյալ, ամենավերջինն էլ պարոն Խուդոյանն է ներկայացրել՝ կրկին խափանման միջոցի հետ կապված, առնվազն ես այն պատկերացումն ունեմ, որ բոլոր միջնորդություններն էլ հենց վաղը կներկայացվեն, կքննվեն համատեղ, եւ միասնական միջնորդությունների վերաբերյալ դատարանը կկարողանա գնալ խորհրդակցական սենյակ»:

Արամ Վարդեւանյանի ունեցած տեղեկություններով՝ Ռոբերտ Քոչարյանի համար անձնական երաշխավորություն ներկայացնող բոլոր անձինք վաղը ներկայանալու են դատարան. «Դեռեւս մարտի 17-ին նշանակված դատական նիստին նրանք պատրաստ էին ներկայանալու եւ իրենց կամքը արտահայտել էին նաեւ գրավոր, ոչ մի բան չի փոփոխվել, իմ տեղեկություններն այն են, որ վաղը բոլոր երաշխավորները ներկա են գտնվելու դատական նիստին»: Վարդեւանյանը շեշտեց, որ անհետաձգելի միջնորդությունները բոլոր դեպքերում անհետաձգելի են, եւ անձնական ազատության իրավունքի առաջնահերթության տրամաբանությունը պետք է գործի նաեւ վաղվա նիստի ժամանակ. «Վճռաբեկ դատարանը դեկտեմբերի վերջ Անդրեաս Ղուկասյանի գործով նախադեպային որոշում էր կայացրել, որով հենց գրավի միջնորդությունը դիտարկել էր անհետաձգելի եւ անհապաղ քննության, այդ գործով քննությունը մեկ ամսից ավելի էր տեւել, եւ պատճառներից մեկը դատավորի արձակուրդ մեկնելն էր, ինչը Վճռաբեկ դատարանը դիտարկել էր իրավունքի խախտում: Համանման որոշում նաեւ ԲԴԽ-ն է կայացրել, հետաքրքիր է՝ հենց Ռոբերտ Քոչարյանի գործով. երբ դատավորներից Նելլի Բաղդասարյանը գրավի վերաբերյալ քննության ընթացքում ինքնաբացարկ էր հայտնել, արդյունքում, դա բավականին երկար տեւեց եւ դիտարկվեց իրավունքի հետ խնդիր առաջացնող վարքագիծ»,- նշեց նա:

Հիշեցնենք՝ մարտի 13-ին Քոչարյանի եւ մյուսների գործը Աննա Դանիբեկյանը հիվանդության թերթիկ էր բացել, իսկ ապրիլի 17-ին ներկայանալով աշխատանքի՝ երկու օրից արձակուրդ էր ձեւակերպել վատառողջ լինելու հիմքով: Այդպիսով դատական նիստերը հետաձգվել էին եւ նշանակվել մայիսի 8-ին: 

Հիշեցնենք նաեւ, որ Ռոբերտ Քոչարյանի համար երաշխավորելու են Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, Արցախի Հանրապետության նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.