Պոզները մեկնաբանել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի կորոնավիրուսով վարակվելը բեմադրելու վարկածը

 

Ռուսաստանցի լրագրող, հաղորդավար Վլադիմիր Պոզները մեկնաբանել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի կորոնավիրուսով վարակվելը բեմադրելու վարկածը: Նրա խոսքերը մեջբերվում են Pozner Online կայքում:

 
 

Պոզների խոսքով՝ քաղաքական գործիչն իսկապես հիվանդացել է կորոնավիրուսով: Լրագրողը նշել է, որ ծանոթ է Միշուստինի հետ և նա չէր մասնակցի նման «ներկայացման»՝ ձևացնելով, որ վարակվել է COVID-19-ով:

 
 

Միևնույն ժամանակ Պոզները խոստովանել է, որ 10 տոկոսով կարծում է, որ սա նախատեսված գործողություն էր: «Եթե Միշուստինի հիվանդությունն իրականում հորինվել է մարդկանց խելքի բերելու համար, ապա ես լիովին աջակցում եմ դրան: Այս դեպքում բոլոր միջոցները լավն են»,-գրել է նա՝ բացատրելով, որ վարչապետի վարակվելու մասին լուրերը կարող են վախեցնել և ստիպել մտածել այն քաղաքացիներին, ովքեր այնքան էլ լուրջ չեն վերաբերում համաճարակին:

 
 
 
 

Պոզները վրդովված էր այն ռուսաստանցիներից, ովքեր մայիսյան արձակուրդների ընթացքում զբոսանքի էին դուրս եկել: Ըստ նրա՝ այդ մարդիկ վտանգում են ոչ միայն իրենց, այլև շրջապատն ու ամբողջ առողջապահական համակարգը, որը կարող է չդիմանալ վարակվածների հսկայական հոսքին: «Ի՞նչն է ստիպում այս մարդկանց անել դա: Հակասականության բնածին զգացողությունը՞: Սահմանափակ միտքը՞: Պարզապես հիմարությունը՞: Մասամբ, իհարկե, դա այդպես է: Բայց որոշ մարդիկ կոչեր են հնչեցնում՝ չհնազանդվել, փողոց դուրս գալ, բողոքել, պնդումներ են անում, որ COVID-19-ն այնքան էլ սարսափելի չէ, որ դա պարզապես սովորական գրիպ է: Իմ կարծիքով, այդ մարդիկ հանցագործներ են»,-ասել է լրագրողը:

 
 

Նա հիշեցրել է, որ Չինաստանը, Սինգապուրը, Հոնկոնգը և Հարավային Կորեան կարողացել են կանխել կորոնավիրուսի տարածումը, բայց նրանք «դրակոնյան միջոցներ» են կիրառել: «Ըստ երևույթին, ճշմարիտ է այն ասացվածքը, որ մինչև ամպրոպը չորոտա, մուժիկը չի խաչակնքվի: Իսկ ամպրոպն այն է, երբ դուք կամ ձեր սիրելիներից որևէ մեկը հիվանդանում եք և գնում այն աշխարհ»,-ընդգծել է Պոզները:

Հիշեցնենք, որ Միխայիլ Միշուստինը կորոնավիրուսով վարակվելու մասին հայտնել էր ապրիլի 30-ին: ՌԴ կառավարության ժամանակավոր ղեկավար է նշանակվել փոխվարչապետ Անդրեյ Բելոուսովը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.