Երեխաների նկատմամբ կատարված սեռական բնույթի հանցագործությունների վերաբերյալ 91 քրեական գործ է քննվել.

ԱԺ Մարդու իրավունքների պաշպանության մշտական հանձնաժողովը քննարկում է «Սեռական շահագործումից եւ սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան վավերացնելու մասին հարցը:

Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանն ասաց, որ այս պահին կոնվենցիան Եվրոպական խորհրդի 47 անդամ պետություններից 45-ում ուժի մեջ է մտել։

«Կոնվենցիան կոչված է ապահովելու երեխաների պաշտպանվածությունը սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից՝ հաստատելով ընդհանուր չափորոշիչներ ու սահմանումներ, ընդ որում դրանց այն նվազագույնը, որը կիրառելի կլինի կոնվենցիայի միացած պետություններում: Այն համալիր միջազգային ինստրումենտ է միտված երեխայի սեռական շահագործման կամ սեռական բնույթի բռնությունների կանխարգելմանը, զոհերի պաշտպանությանը, պատշաճ քննություն իրականացնելուն, իրազեկմանը և միջազգային համագործակցությանը»,-ասաց Գրիգորյանը:

Նա հայտնեց, որ կոնվենցիայի վավերացմամբ ՀՀ-ն ստանձնելու է պարտավորություն ձեռնարկելու անհրաժեշտ օրենսդրական և այլ միջոցառումներ երեխաների սեռական շահագործմանն ու սեռական բռնության բոլոր ձևերը կանխարգելելու և դրանցից երեխաններին պաշտպանելու համար:

«Կոնվենցիան նաև նախատեսում է, որ մենք իրավազորություն ենք սահմանելու բոլոր այն դեպքերում, երբ կոնվենցիայով նախատեսված հանցագործությունը կատարվել է ՀՀ-ի տարածքում, կամ մեր դրոշը կրող նավի, օդանավի վրա, կամ ՀՀ քաղաքացիներից որևէ մեկի կողմից, կամ այն անձի կողմից, որի հիմնական բնակության վայրը ՀՀ-ն է»,-տեղեկացրեց Արդարադատության նախարարի տեղակալը:

Նա նաև վիճակագրություն ներկայացրեց, ըստ որի՝ 2017թ-ին քննչական կոմիտեի մարմինների և ստորաբաժանումների վարույթներում քննվել է երեխաների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 265 քրեական գործ, որից 101-ը՝ սեռական բնույթի, 2018թ-ին քննվել է 317 քրեական գործ, որից 76-ը սեռական բնույթի, իսկ 2019թ-ի միայն առաջին կիսամյակի ընթացքում քննչական կոմիտեի վարույթում քննվել է 209 քրեական գործ, որից 51-ը սեռական բնույթի, իսկ ամբողջ 2019թ-ին երեխաների նկատմամբ կատարված սեռական բնույթի հանցագործությունների հետ կապված 91 քրեական գործ է քննվել:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.