Նոր Նորքի բաժնի ոստիկանները փաստաբանի նկատմամբ նյութեր են նախապատրաստում՝ պաշտպանյալի հեռախոսն առգրավելու համար

Ոստիկանության Նոր Նորքի բաժնում ոստիկանները բերման ենթարկված քաղաքացու պաշտպանությունն իրականացնող փաստաբանի նկատմամբ նյութեր են նախապատրաստում՝ նրան խուզարկելու և նրա վստահորդին պատկանող հեռախոսը առգրավելու համար: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Արման Արզումանյանը, ում նկատմամբ այժմ նյութեր են նախապատրաստվում:

Արզումանյանի վստահորդին ոստիկանները բերման են ենթարկել տանից՝ խուլիգանության կասկածանքով, մինչդեռ՝ նախկինում նույն գործով վերջինս ուներ վկայի կարգավիճակ: Փաստաբանը նշել է, որ, եթե իր վստահորդը ձեռք է բերել կասկածյալի կարգավիճակ, ապա օգնելու որևէ պարտականություն իրենք չունեն և հեռախոսը չեն տրամադրի ոստիկաններին:

«Եթե անձը բերման է ենթարկվում վկայի կարգավիճակով, նա նախաքննության մարմնին օգնելու պարտականություն ունի, իսկ կասկածյալը նման պարտավորություն չունի, նա պաշտպանվում է: Հեռախոսը հետագայում իր դեմ է օգտագործվելու»,- ասաց Արզումանյանը:

Նրա գնահատմամբ՝ ոստիկանների գործողություններն ի սկզբանե ապօրինի են եղել, քանի որ անձնական խուզարկության ներքո ցանկացել են քողարկել առգրավումը, որի իրավունքը ոստիկանները չունեն:

«Առգրավման իրավունք ունի բացառապես քննիչը: Տարեք քննիչի մոտ, առգրավման որոշման հիման վրա հեռախոսը կհանձնեմ քննիչին՝ որպես պատշաճ իրավական ընթացակարգով ձեռք բերված առարկա: Բա չէ՝ մեզ պետք է հանձնեք: Ասում եմ՝ ձեզ չեմ հանձնում, ոստիկաններին էլ պատասխանեցին՝ դե որ մեզ չեք հանձնում, հիմա Ձեր վրա նյութեր կնախապատրաստենք և Ձեզ խուզարկության կենթարկենք, Ձեզնից կառգրավենք»,- «Փաստինֆո»-ին պատմեց փաստաբանը՝ նշելով, որ ոստիկաններին բացատրել է օրենքի պահանջն առ այն, որ փաստաբանին արգելվում է խուզարկելը, անգամ դատարանը նման որոշում չի կարող տալ, ինչպես են փաստաբանին խուզարկելու: «Ասում են՝ Դուք արդարադատությանը խոչընդոտում եք»,- նշեց փաստաբանը՝ հավելելով, որ ինքն ընդհակառակը պահպանել է օրինականությունը։

Ա.Արզումանյանն ընդգծեց, որ քրեական գործի շրջանակներում առավել եւս կասկածյալին հարցաքննելու, առգրավում կատարելու իրավունք ունի միայն վարույթն իրականացնող մարմինը՝ քննիչը։

Արզումանյանը նաեւ տարակուսելի համարեց իր պաշտպանյալին բերման ենթարկելու անհրաժեշտությունը՝ կարծիք հայտնելով, որ նրան բերման են ենթարկել ոչ թե հարցաքննության համար, այլ՝ ճնշում գործադրելու, այլապես՝ քննիչը ծանուցագիր կներկայացներ:
Ըստ նրա՝ արդեն իսկ հարցաքննված վկային բերման ենթարկելը պետք է հիմքեր ունենա, այսինքն՝ պետք է որևէ կերպ վարույթն իրականացնող մարմնից խուսափի կամ պետք է դրան նախորդի ծանուցագիր ուղարկելը, որևէ կերպ նրան կանչելը:
«Ես պարզապես կանխել եմ իրենց ապօրինի գործողությունները և ի սկզբանե հայտարարել եմ՝ քննիչին կանչեք, հեռախոսն առգրավելու որոշման հիման վրա այն հանձնեմ իրեն: Ինչ խնդիր կա: Ինչու չեն ուզում: Օրինական ճանապարհը ցույց եմ տալիս, գնում են ապօրինության դաշտ»,- նշեց Արզումանյանը:

Փաստաբանն առանձնացրեց մեկ հանգամանք ևս՝ հեռախոսն անձնական կյանքի գաղտնիություն պարունակող առարկա է և անձնական բազմաթիվ տվյալներ կարող են լինել և հեռախոսն օպերատիվ աշխատողն առգրավելու իրավունք չունի: «Դա անձնական տվյալներ պարունակող առարկա է, դա զննում են դատարանի որոշմամբ, դա պաշտպանվող օբյեկտ է»,- ասաց փաստաբանը:
Դիտարկմանը, որ ապօրինի ճանապարհով ձեռք բերված ապացույցները հետագայում կարող են վիճարկվել և ճանաչվել որպես անթույլատրելի ապացույց՝ Արզումանյանը պատասխանեց. «Ինքնըստինքյան իրենք դա դարձրին թունավոր ծառ, որի տված պտուղներն էլ ապօրինի կլինի: Փաստաբանին խուզարկելն ապօրինի է»:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.