Կասկադյորական ավտովթար Արարատի մարզում. Mercedes-ը բախվել է բնակելի տան պատին, կոտրել այն, այնուհետև կոտրել գազախողովակի հենասյուներն ու բետոնե էլեկտրասյունը. կան վիրավորներ

 
Երեկ՝ ապրիլի 20-ին, խոշոր ու կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 23։20-ի սահմաններում Mercedes C 180 մակնիշի 35 NT 431 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Արգավանդ-Գեղանիստ ավտոճանապարհի սկզբնամասում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել շինության քարե պատին, կոտրել մի հատված, այնուհետև առաջ ընթանալով՝ բախվել գազատար խողովակի համար նախատեսված մի քանի հենասյուների, դրանք նույնպես կոտրել, այնուհետև առաջ ընթանալով՝ բախվել բետոնե էլեկտրասյանը, տապալել և մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մասիսի բժշկական կենտրոն։ Օպերատիվ են գործել Մասիսի հիվանդանոցի բժիշկները։

 

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 4 հրշեջ փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքը։

Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Մասիսի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Խաչատրյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» ընկերության Արտաշատի ԳԳՄ-ի Մասիսի տարածքային բաժնի ծառայողները, ովքեր ժամանակավորապես դադարեցրել են նշված հատվածում գազամատակարարումը և աշխատանքներ էին կատարում՝ խնդիրը կարճ ժամանակում վերացնելու համար։

Ժամանել են նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները։

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Անուշավան Սաղոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորի ինքնությունը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.