Հայաստանը կսկսի թոքերի արհեստական շնչառական սարքեր արտադրել․ ՀՀ կառավարությունն ընդունեց Արշակյանի ներկայացրած նախագիծը

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշեց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի առաջարկած բյուջեում վերաբաշխում կատարելու մասին նախագիծն ընդունել։  

Նա հիշեցրեց, որ նախարարությունը մրցույթ էր հայտարարել թոքերի արհեստական շնչառական սարքավորումների նախագծման, իրականացման ամբողջական կամ մասնակի արտադրության համար: Արդյունքում ստացվել է 300 հայտ, դրանք ուսումնասիրել են, եւ առաջարկ կա սկսելու արտադրություն։

«Առաջարկում ենք Ինժեներական ասոցիացիային տրամադրել 90 միլիոն դրամ դրամաշնորհ՝ կազմակերպելու թոքերի արհետական շնչառական սարքերի նախագծման մակետային նախատիպի մշակման, փորձարկման, համակարգի նախագծի շտկման 5 օրինակ ինժեներական նշումի մշակման աշխատանքները՝ ապահովելով արտադրական ամբողջական ցիկլին հասնելու գործընթացը»,- ասաց Արշակյանը։

Նախարարը տեղեկացրեց, որ ծրագրի իրականացման արդյունքում հնարավորություն կլինի թոքերի արհեստական շնչառական սարքերի պահանջը բավարարելու, աջակցելու առողջապահական համակարգին՝ կորոնավիրուսի տարածման արդյունքում ինտենսիվ բուժան փուլում թոքաբորբով հիվանդ քաղաքացիների բուժման նպատակով։

«4-ից 6 ամսվա ընթացքում հնարավոր կլինի գալ արտադրական վիճակի եւ ունենալ արդեն իսկ աշխատող սարքավորում, նաեւ շուկայական գնից շուրջ երկու անգամ պակաս գնով արտադրելու հնարավորություն կունենանք։ Հնարավորություն կունենանք ամսական շուրջ 40-ից 50 արտադրանք տալու։ Աշխարհում նաեւ 800 հազարից ավելի այդպիսի ապարատի պահանջ կա։ Սա հնարավորություն է, որ մեր ինժեներական ընկերությունները կարողանան մուտք գործել բժշկական սարքերի արտադրման շուկա»,- նշեց նախարարը։

Հարցի քննարկման ընթացքում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասաց, որ թոքերի արհեստական շնչառության սարքերի պակասը Հայաստանում մշտապես եղել է, անգամ՝ կորոնավիրուսի բացակայության պայմաններում: Նա հավելեց, որ դրանց պակասը հաճախ զգացվել է անգամ երևանյան խոշոր հիվանդանոցներում:

«Այս ընթացքում, երբ մենք փորձում էինք ներկրել նման սարքեր, մեր բոլոր առաջարկները միջազգային շուկայում այդպես էլ վերջնական արտադրողին չէին հասնում»,- ասաց Թորոսյանը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.