Գևորգ Կոստանյանի մեղադրանքի հիմքում ընկած ապացույցները պաշտպանական կողմին չի տրամադրվի. դատարանը մերժել է պաշտպանների բողոքը

ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի մեղադրանքի հիմքում դրված ապացույցները վարույթն իրականացնող մարմինը պաշտպանական կողմին չի տրամադրի: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Հարություն Մանուկյանի նախագահությամբ, ապացույցները պաշտպանական կողմին չտրամադրելու որոշման դեմ փաստաբանի բողոքը:

Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց Կոստանյանի փաստաբան Գևորգ Գևորգյանը։

Նրա խոսքով՝ դատարանի որոշումը դեռևս չեն ստացել, բայց պատրաստվում են բողոքարկել, քանի որ վստահ են՝ պատճառաբանություններն ակնհայտ անհիմն են:

Նշենք, որ փաստաբանները դեռևս 2019թ. դեկտեմբերին ՀՔԾ քննիչին միջնորդել էին՝ մեղադրանքի հիմքում ընկած ապացույցները պաշտպանական կողմին տրամադրելու համար, ինչը մերժվել էր: Քննիչի որոշման դեմ պաշտպանները բողոք էին ներկայացրել նախ դատախազություն, որը ևս մերժվել էր:

Գևորգ Գևորգյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ նախկինում այս միջնորդությունները մերժվել են այն պատճառաբանությամբ, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ ամբողջ քրեական գործի նյութերը տրամադրվում են միայն նախաքննության ավարտից հետո: Ըստ փաստաբանի՝ նման դրույթ կա, սակայն այն հակասում է Սահմանադրությանը, մինչդեռ՝ Սահմանադրության հետ հակասության դեպքում գերակա է Սահմանադրությունը:

Դատախազության որոշումը բողոքարկելով դատարան՝ պաշտպանները հղում են կատարել Սահմանադրական և միջազգային իրավական ակտերում ամրագրված այն նորմերին, որոնց համաձայն յուրաքանչյուր անձ ունի իրավունք՝ մեղադրանքի հիմքում ընկած ապացույցներին և առաջադրված մեղադրանքին ծանոթանալու:

Հիշեցնենք, որ Գևորգ Կոստանյանին «Մարտի 1»-ի գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին ՀՔԾ-ն հայտարարել է նոյեմբերի 25-ին, սակայն միայն 10 օր անց՝ դեկտեմբերի 5-ին, հայտարարվեց նրան մեղսագրվող հոդվածները։ Ըստ այդմ՝ նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 5 հոդվածով՝ 314-րդ հոդվածի 1-ին մասով, 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-314-րդ հոդվածի 1-ին մասով, 38-334-րդ հոդվածի 1-ին մասով և 38-349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այսինքն՝ պաշտոնեական կեղծիք կատարելու, ծանր հետևանք առաջացնող պաշտոնեական լիազորությունների չարաշահման օժանդակման, պաշտոնեական կեղծիքի օժանդակման, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության պարտակելը օժանդակելու և ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ գործերով ապացույցների կեղծմանը օժանդակելու համար ։

Գ.Կոստանյանի նկատմամբ հետախուզում հայտարարվելու մասին ՀՔԾ-ն հայտնեց 2019թ. նոյեմբերի 28-ին և քննիչը նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն ներկայացրեց դատարան, ինչը բավարարվել է 2019թ. դեկտեմբերի 4-ին։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.