Դատարանը մերժել է Գեւորգ Կոստանյանին տրամադրել նրա մեղադրանքի հիմքում ընկած ապացույցները

Մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ ներգրավված նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին չեն տրամադրվի նրա մեղադրանքի հիմքում ընկած ապացույցները:

Այսօր նման որոշում է կայացրել Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Հարություն Մանուկյանի նախագահությամբ՝ այդպիսով մերժելով պաշտպանական կողմի բողոքը:

2019 թվականի դեկտեմբերին պաշտպանները ՀՔԾ քննիչին միջնորդել էին տրամադրել մեղադրանքի հիմքում ընկած ապացույցները: Մեր հարցին ի պատասխան՝ Կոստանյանի պաշտպան Գեւորգ Գեւորգյանն ասել էր. «Թե՛ Սահմանադրության, թե՛ միջազգային իրավական ակտերով ամրագրված է, որ յուրաքանչյուր անձ, ով մեղադրվում է հանցագործության կատարման մեջ, իրավունք ունի ծանոթանալ առաջադրված մեղադրանքին եւ դրա հիմքում եղած ապացույցներին»: ՀՔԾ քննիչը, հետագայում նաեւ՝ հսկող դատախազը, մերժել էին պաշտպանի այս միջնորդությունը, ինչն էլ նա բողոքարկել էր դատարան:

Հիշեցնենք՝ Կոստանյանը Մարտի 1-ի գործով ներգրավվել է որպես մեղադրյալ նոյեմբերի 24-ին: ՀՔԾ-ն նրան 48 ժամ էր առաջարկել՝ վարույթն իրականացնող մարմին ներկայանալու եւ մեղադրանք առաջադրելու համար: 48 ժամը լրանալուց հետո ՀՔԾ-ն նրա նկատմամբ հայտարարել էր հետախուզում՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելով դատարան, որն էլ բավարարվել էր: Մեր տեղեկություններով՝ Գեւորգ Կոստանյանը որպես մեղադրյալ է ներգրավված ՀՀ քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով՝ պաշտոնեական դիրքի չարաշահման, պաշտոնեական կեղծիք կատարելուն դրդելու, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունը պարտակելուն դրդելու եւ ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով ապացույց կեղծելուն դրդելու համար:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.