Արցախում կորոնավիրուսի եւս 2 դեպք է հաստատվել

Արցախում թեստավորված երեք քաղաքացիներից երկուսի մոտ հաստատվել է կորոնավիրուս:

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ այսօր թեստավորված երեք քաղաքացիներից երկուսի թեստավորման արդյունքը եղել է դրական: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախ տեղեկատվական շտաբը: «Նրանցից մեկն ապրիլի 7-ին հաստատված վարակակրի հարսն է, ով ապրիլի 2-ից արդեն ինքնամեկուսացվել էր: Երկրորդը ՀՀ-ից Արցախ մուտք գործած ՀՀ քաղաքացի է, որի անհատական քարտի լրացման ժամանակ պարզվել է, որ եկել է ռիսկային բնակավայրից: Այդ քաղաքացին ևս, մինչ թեստավորումը գտնվել է ինքնամեկուսացման մեջ, և առաջիկայում նրան տեղափոխելու են Հայաստանի Հանրապետություն:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հաստատված կորոնավիրուսի վարակով երկրորդ անձը, ունենալով Մոշաթաղ համայնքի գրանցում, մարտի 31-ին կայացած ընտրությունների օրը քվեարկել էր Միրիկի հարևան Մոշաթաղ համայնքում, այստեղ արդեն մի քանի օր է ուժեղացված ծառայություն են իրականացնում ԱՀ ԱՆ «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի Քաշաթաղի շրջանային բաժնի մասնագետները, իսկ գյուղի բնակիչները պատասխանատուների հորդորով ինքնամեկուսացվել էին իրենց առանձնատներում:

Իրականացվող աշխատանքների մասին լրացուցիչ տեղեկություններ կհաղորդենք ավելի ուշ: Կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար կրկին կոչ ենք անում հետևել պաշտոնական լրահոսին, որը ներկայացվում է Արցախի Հանրապետությունում ձևավորված նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբի միջոցով»,- ասված շտաբի հաղորդագրությունում։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.