Մարզահամերգային համալիրում մահճակալներ են տեղադրվում` կորոնավիրուսով հիվանդների համար

«Փաստինֆո»-ի տեղեկություններով Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղադրվում են մահճակալներ կորոնավիրուսով հիվանդներին ընդունելու նպատակով։

Տեղեկատվությունը հաստատելու նպատակով «Փաստինֆո»-ն կապ հաստատեց պարետատան մամուլի խոսնակ Մանե Գևորգյանի հետ. «Տարբեր սցենարներ նկատի առնելով` համալիրում եւ ոչ միայն, նախապատրաստական աշխատանքներ են տարվում, որ եթե անհրաժեշտ լինի, պատրաստ լինեն ընդունելու մեր համաքաղաքացիներին: Նույն հավանականությամբ կարող է եւ դրա կարիքն ընդհանրապես չլինի»,-ասաց Մանե Գևորգյանը։

Հարցին, թե ինչ սկզբունքով է ընտրվել համալիրը և որքան մարդ կարող է այն տեղավորել, պարետատան խոսնակն ասաց, որ այս պահին ավելին չի կարող ասել։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը հնարավոր է ծառայեցվի որպես բուժհաստատություններից դուրս հավելյալ վայր, որտեղ կորոնավիրուսով հիվանդներին բուժօգնություն կտրամադրվի:

Այդ ժամանակ Մանե Գևորգյանը նշել էր, որ այդ մասով տեղեկություն չկա. «Դիտարկվել են մի շարք վայրեր հանրապետությունով , որոնք ըստ անհրաժեշտության կարող են օգտագործվել, բայց այս պահին տեղեկություն, որ մարզահամերգային համալիրը կամ որեւէ այլ վայր հարմարեցվում է որպես հիվանդանոց, չկա»,-ասել էր Մանե Գևորգյանը։

«Փաստինֆո»-ի տրամադրության տակ է հայտնվել լուսանկար, որտեղ տեսանելի է, որ նախասրահում տեղադրվել են մահճակալներ` հարեւանությամբ աթոռներ:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.