Չի՛ կարելի կարևոր գործերը թողած թիթեռ նկարել, հետ տարեք այս նախագիծը, սա խուճապ է առաջացնելու․ Նաիրա Զոհրաբյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այսօր ԱԺ արտահերթ նիստի ժամանակ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին հորդորեց հետ տանել «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը։

«Ես շնորհակալ եմ մեծամասնության պատգամավորներին՝ իրենց գնահատականի համար։ Սա հետընթաց է ժողովրդավարությունից, ես ուզում եմ ասել, որ աննպատակ, անիմաստ գործ եք անելու, այն հսկայական ռեսուրսները, որ ծախսելու եք մեզ տեղորոշելու համար, այդ ռեսուրսները ծախսեք Հայաստանի բոլոր սահմանների մուտքերին թեստեր դնելու համար։ Այդ ռուսուրսները ծախսեք այժմ չաշխատող օրավարձով աշխատող մարդկանց բեռը թեթևացնելու համար»,-ասաց Զոհրաբյանը։

Նա պատմեց, որ այսօր իր հեռախոսին նման հաղորդագրություն է եկել՝«Եվս մի քանի օր և ես խանութից գողություն եմ անելու»։ Զոհրաբյանը նշեց, որ նման հաղորդագրություն իրեն գրել է մի տղամարդ ու տեղի ունեցողը զարհուրելի համարեց։

«Ես խնդիր չունեմ, լրագրող ժամանակներից սկսած, չգիտեմ ինչու է իմ անձն այդքան հետաքրքիր եղել հատուկ ծառայությունների համար, բայց ինձ մշտապես գաղտնալսել են բոլոր իշխանությունները։ Խնդիրը ես չեմ։ Բայց եկեք հասկանանք ինչպես եք դա անելու։ Ով չունի սմարթֆոն, սմարթֆոն եք տալու, հա՞, լու՞րջ եք ասում։ Հիմա մեր հայրենակիցները կդիմեն, կասեն եկեք մեզ բոլորիս սմարթֆոններ տվեք»,-ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավորը։

Նա ընդգծեց, որ ռիսկը կանխելու համար իշխանություններն ուշացել են, ապա ավելացրեց, որ այսօր ամենամեծ ռիսկն Ազգային ժողովում է, քանի որ բոլոր պատգամավորները ժամերով փակված են մի տարածքում։

«Եկեք ռեալ քայլերի մասին մտածենք, ոչ թե ինչ-որ աներևույթ վախերի ու ֆոբիաների հետևից գնանք,որը ոչինչ չի տալու մեզ։Ո՞վ ասաց, որ մարդիկ անպայման հեռախոսով պետք է իրար հետ պայմանավորվեն, որ հանդիպեն։ Հանդիպումների գերակշիռ մեծամասնությունը տեղի է ունենում առանց որևէ պայմանավորվածության։ Ամեն ինչ կոնտրոլի տա՞կ եք վերցնելու»,-ասաց Զոհրաբյանը։

Անդրադառնալով նախարարի կողմից նշած միջազգային փորձին, նա նշեց, որ որևէ երկրում նման փորձ չի գտել․ «Ինչպես ասում են՝ «игра не игра не стоит свеч». Եթե գտնում եք որ որևէ մեկը ռիսկային գոտում է, ապա որևէ մեկը չի խանգարում ձեզ օպերատորից պահանջել նրա տվյալներն ու նրա շփման շրջանակը պարզել։ Հետ տարեք այս նախագիծը, այն ավելի մեծ խուճապ ու խնդիրներ է առաջացնելու։ Չի՛ կարելի կարևոր գործերը թողած թիթեռ նկարել։

Բնականաբար ԲՀԿ-ն այս նախագծին դեմ է քվեարկելու»։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.