Խախտվել են Ռոբերտ Քոչարյանի իրավունքները. պաշտպանը վերաքննիչ բողոք է ներկայացրել

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի ներկայացրած վերաքննիչ բողոք է ներկայարցրել՝ պահանջելով Ռոբերտ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու մասին միջնորդությունը դատարանի կողմից չքննելը, դրա քննությունն անորոշ ժամկետով հետաձգելը ճանաչել ոչ իրավաչափ: Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ պաշտպան Հայկ Ալումյանից:

Պաշտպանն արձանագրում է, որ կալանավորումը չորս անձանց անձնական երաշխավորությամբ փոխարինելու մասին միջնորդությունը դատարանի կողմից չքննելու, դրա քննությունն անորոշ ժամկետով հետաձգելու արդյունքում խախտվել են «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերով երաշխավորված՝ Ռոբերտ Քոչարյանի իրավունքներն ու ազատությունները: Փաստաբանը պահանջում է, որ Վերաքննիչ քրեական դատարանը ճանաչի Ռոբերտ Քոչարյանի իրավունքների խախտումները և վերացնի այն՝ քննության առնելով կալանքն անձնական երաշխավորությամբ փոխարինելու մասին միջնորդությունը և բավարարի այն:

Ալումյանի փոխանցմամբ՝ բողոքը մակագրվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանին:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ մարտի 17-ին նշանակված դատական նիստը հետաձգվել էր գործով նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանի վատառողջ լինելու պատճառով:Նախատեսվում էր, որ այդ օրը դատական նիստին պետք է քննարկվեր Ռոբերտ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու մասին միջնորդությունը, որը պաշտպանները ներկայացրել էին մարտի 16-ին։  Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Աննա Դանիբեկյանը վիրահատվել է և հայտնի չէ, թե ինչքան կտևի հետվիրահատական շրջանը:Փաստաբան Հովհաննես Խուդոյանը դիմել էր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանին՝ խնդրելով Ռ․ Քոչարյանի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավորությամբ փոխելու միջնորդության քննարկումը մակագրել այլ դատավորի՝ նկատի ունենալով, որ գործով նախագահը վատառողջ է ու վիրահատական միջամտության է ենթարկվել, սակայն Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահն այն մերժել է։ Ի պատասխան փաստաբանի դիմումի դատարանի նախագահը նշել էր, թե քրեական գործը դատավոր Աննա Դանիբեկյանի վարույթում է, հետևաբար, նշված միջնորդության քննությունը գտնվում է բացառապես վարույթն իրականացնող մարմնի՝ գործը քննող դատավորի լիազորությունների շրջանակներում:

Այսինքն՝ Ռոբերտ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու մասին միջնորդությունը կքննարկի դատավոր Աննա Դանիբեկյանը, մինչդեռ հայտնի չէ, թե վերջինս երբ կկարողանա վերադառնալ:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի համար անձնական երաշխավորություն են ներկայացրել Հայաստանի նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.