Ավազակության մեջ մեղադրվողի նկատմամբ դատարանը գրավ է կիրառել՝ հաշվի առնելով նաև համավարակով ստեղծված իրավիճակը

«Վարկս Էյ Էմ » կազմակերպության աշխատակցի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու մեջ մեղադրվող Սամուել Ֆարմանյանը գրավի դիմաց ազատ է արձակվել: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է պաշտպան Էրիկ Ալեքսանյանի միջնորդությունը՝ հաշվի առնելով նաև երկրում ստեղծված համաճարակային իրավիճակը: Գրավի չափ է սահմանվել 2 մլն ՀՀ դրամը: Ընդ որում` դատարանը միջնորդությանն անդրադարձել է սեփական նախաձեռնությամբ:

Հիշեցնենք, որ Սամուել Ֆարմանյանը մեղադրվում է 2019թ. հունվարի 21-ին «Վարկս Էյ Էմ» վարկային կազմակերպության Կոմիտասի փողոցում գտնվող մասնաճյուղից ավազականին հարձակմամբ գումար հափշտակելու մեջ: Ըստ առաջադրված մեղադրանքի՝ հունվարի 21-ին Ֆարմանյանը հարձակմամբ գումար հափշտակելու դիտավորությամբ, խանութից նախօրոք գնել է խոհանոցային դանակ,այն դրել է բաճկոնի ծոցագրպանը, հանել իր հագած սպիտակ գույնի անթև շապիկը և ծածկելով դեմքը՝ մտել է վարկային կազմակերպության նշված մասնաճյուղ, որից հետո հաճախորդների սպասարկման ստենդի վրայով ցատկելով անցել է աշխատակիցների համար նախատեսված հատված, ցատկելու ընթացքում հարվածել է աշխատակիցներից մեկի ուսին ու դանակի գործադրման սպառնալիքով հափշտակել է 1 մլն ՀՀ դրամին համարժեք գումար և դիմել փախուստի:

Ֆարմանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետով՝ զենքի գործադրմամբ խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով ավազակության համար: Տղամարդը կալանավորվել է: Այժմ գործը գտնվում է դատաքննության փուլում: Դատավարության ընթացքում ՝ նախորդ տարվա նոյեմբեր ամսին պաշտպանական կողմը միջնորդություն էր ներկայացրել՝ կալանքը գրավով փոխարինելու մասին, ինչը դատարանը մերժել է: Պաշտպանը նոր միջնորդություն է ներկայացրել դատարան՝ Սամուել Ֆարմանյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին: Դատարանն արձանագրել է, որ գործով նախաքննությունն ավարտվել է, ուստի՝ գործի տվյալ փուլում էապես նվազել է ամբաստանյալի կողմից գործի քննությանը խոչընդոտելու ռիսկը:

Բացի այդ՝ դատարանը հարկ է համարել նշել, որ խափանման միջոցի վերաբերյալ հարցը դատարանը վերջին անգամ քննարկել է նախորդ տարրվա նոյեմբերի 28-ին, իսկ կորոնավիրուսի համավարակի պատճառով ստեղծված իրավիճակում հնարավոր չէ գործնականում նշանակել ու կանխորոշել հաջորդ դատական նիստի օրը կամ ժամկետները: Դատարանը հատկապես մատնանշել է ԵԽ՝ Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի 2020թ. մարտի 20-ի զեկույցը, մասնավորապես՝ մատնանշել է զեկույցի 5-րդ կետը, որի համաձայն՝ հաշվի առնելով այն, որ միջձանձնային շփումը նպաստում է վարակի տարածմանը՝ բոլոր համապատասխան մարմինները պետք է համակարգված ջանասիրություն ցուցաբերեն, միջոցներ ձեռնարկեն ազատությունից զրկելու այլընտրանքներին դիմելու համար:

Ըստ զեկույցի 5-րդ կետի՝ այս մոտեցումն առաջնահերթ պարտադիր է անազատության մեջ պահելու վայրերի գերծանրաբեռնվածության դեպքում և իրավասու մարմինները պետք է ավելի լայնորեն կիրառեն մինչդատական կալանավորման այլընտրանքային միջոցները: Ելնելով վերոգրյալից՝ Դատարանը գտել է, որ պետք է վերանայել գրավի կիրառման թույլատրելիության հարցը՝ չանտեսելով նաև համավարակով ստեղծված իրավիճակը: Թեև Դատարանն արձանագրել է, որ Սամուել Ֆարմանյանի նկատմամբ կալանավորում կիրառելու հիմքերն ու պայմաններն առկա են, բայց Դատարանը գտել է, որ հնարավոր չէ փաստել, թե գործի քննությանը խոչընդոտելու, թաքնվելու վտանգն առկա պայմաններում այնչափ մեծ է, որ գրավը չկարողանա ապահովվել նրա պատշաճ վարքագիծը:

Հեղինակ` Իզաբել Սահակյան

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.