Կորոնավիրուսի պատճառով Հայաստանի պետական կամերային նվագախումբը չի մասնակցի «Ալ Բուստան» միջազգային փառատոնին

Կորոնավիրուսի պատճառով Հայաստանի պետական կամերային նվագախումբը չի մասնակցի Լիբանանում անցկացվող հեղինակավոր «Ալ Բուստան» միջազգային փառատոնին:

Փետրվարի սկզբից անցկացվող փառատոնը պետք է եզրափակվեր Կամերային նվագախմբի չորս համերգներով, սակայն ստեղծված իրավիճակում տեղի իշխանությունները հորդորել են զերծ մնալ զանգվածային միջոցառումների անցկացումից: Հաշվի առնելով հորդորը և երաժիշտներին ավելորդ ռիսկի չենթարկելու հանգամանքը՝ նվագախումբը Լիբանան չի մեկնի:

Հավելենք, որ երկարատև բանակցությունների շնորհիվ՝ ՀՊԿՆ-ը՝ որպես պաշտոնական նվագախումբ, մարտի 11-22-ը պետք է ելույթ ունենար ընդհանուր առմամբ ներկայացնելով չորս համերգային երեկո: Համերգների բոլոր տոմսերը միջոցառումներից օրեր առաջ արդեն իսկ վաճառված էին:

Ամբողջ փառատոնը նվիրված էր հանճարեղ Լյուդվիգ վան Բեթհովենի 250-ամյակին:

Հայաստանի պետական կամերային նվագախմբին Լիբանան էր հրավիրել «Ալ Բուստան» միջազգային փառատոնի գեղարվեստական ղեկավար, ճանաչված դիրիժոր Ջանլուկա Մարչանոն, ով հետևել է ՀՊԿՆ-ի գործունեությանն ու հասցրել որպես դիրիժոր համագործակցել երաժիշտների հետ՝ երկու անգամ Հայաստանում ղեկավարելով նվագախումբը:

«Ալ Բուստան» միջազգային փառատոնն անցկացվում է 1994 թվականից, Լիբանանում: Փառատոնի շրջանակում մշտապես հանդես են գալիս բարձրակարգ արտիստներ աշխարհի տարբեր երկրներից: Միջազգային այս ստուգատեսը լուսաբանվում է բազում հեղինակավոր ԶԼՄ-ներով և դասական աշխարհին ներկայացնում ինքնատիպ ձևաչափեր: Փառատոնի շրջանակներում կազմակերպվում են նաև վարպետության դասեր, սեմինարներ:

 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.